Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկման առանցքում <<Դպրոցական սնունդ>> Ազգային ծրագիրն էր

01.03.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ քննարկման էին դրված Տավուշի մարզում դպրոցական սննդի Ազգային ծրագրի իրականացման հետ կապված հարցերը: Քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզում աշխատող կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՌԴ սննդի ճյուղային ինստիտուտի, Հայ օգնության ֆոնդի, <<Հայաստանի մանուկներ>> և <<Փարոս>> հիմնադրամների ներկայացուցիչները, դպրոցների տնօրեններ, անհատ ձեռներեցներ: Ինչպես հայտնի է, 2014 թվականից Հայաստանում, մասնավորապես Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, իրականացվում է <<Դպրոցական սնունդ>> Ազգային ծրագիրը: Այս տարվա սեպտեմբերից Ազգային ծրագրի իրականացման շրջանակներում կընդգրկվեն նաև Տավուշի մարզի 75 դպրոցները, որոնցում 7500 աշակերտի պետք է տաք սնունդ տրվի: Նպատակ ունենալով օգնել ՀՀ կառավարությանը՝ մարզում Ազգային ծրագրին անցնելու և իրականացնելու գործընթացը սահուն կազմակերպելու համար, ՄԱԿ-ի <<Համաշխարհային պարենի>> ծրագրի հայաստանյան ներկայացուցչությունը որոշում է կայացրել համապատասխան պայմաններով և կահավորանքով ապահովել դպրոցների ճաշարանները: ՌԴ-ի սննդի ճյուղային ինստիտուտի մոնիտորինգ կատարելուց հետո պարզվել է, որ դպրոցների մեծ մասի այդ տարածքները կարիք ունեն վերանորոգման: Իսկ քանի որ Պարենի ծրագիրը այդքան նախատեսված գումար չունի բոլոր ծախսերը հոգալու համար, որոշում է կայացվել գործընթացում ներգրավել նաև մարզում աշխատող այլ դոնոր կազմակերպությունների:
Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային օր: Նշեց, որ դպրոցական սննդի այս ծրագրի ներդրմամբ մի քանի խնդիր է լուծվում:Նախ՝ սոցիալական, թեթևանում է նաև ծնողի հոգսը, աշխատատեղեր են ստեղծվում հատկապես կանանց համար, ներդրում է կատարվում տնտեսության մեջ, քանի որ ապրանքների իրացման խնդիր է լուծվում՝ պահպանելով գնման բոլոր ընթացակարգերը: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին համատեղ ջանքերի համար և հույս հայտնեց, որ ծրագրի իրականացման արդյունքում ստացված ցուցանիշները կլինեն օրինակելի, քանի որ արդեն տեսանելի են կատարված աշխատանքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախարարության կազմում ստեղծվել է <<Կայուն դպրոցական սնունդ>> հիմնադրամը, որը առավել համակարգված կզբաղվի Ազգային ծրագրի իրականացման գործընթացով: ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Պասկալ Միշոն տեղեկատվություն տվեց իրենց ծրագրի կողմից այս տարիներին Հայաստանում կատարած աշխատանքների մասին, այնուհետև ընդգծեց, որ գործընթացն ուղղված է դպրոցների նախապատրաստմանը, որպեսզի նրանք հանձն առնեն ծրագիրը բարեհաջող իրականացնել: Հանդիպման ընթացքում ներկա բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկատվություն տվեցին ծրագրի իրականացման նպատակով կատարած աշխատանքների մասին, իսկ նրանք, ովքեր դեռ մասնակցություն չեն ունեցել, նշեցին համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ավարտին կազմակերպությունների կողմից ստորագրվեց համագործակցության աշխատանքային ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18