Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ կազմած զբոսաշրջային երթուղիները
22.02.2017

Փետրվարի 18-21-ը հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ նախագծած՝ Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներն ընդգրկող տուրերը: Ծրագրի մեկնարկային կետ է ընտրվել Վրաստանի Բոլնիսի քաղաքը, որտեղից և հայ ու վրացի երիտասարդ զբոսավարները ուղևորվել են Տավուշի մարզ՝ առաջնորդվելով իրենց իսկ նախագծած տուրերով:
«Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» նորարարական ծրագիրը սկսել է իրականացվել 2015 թվականի հոկտեմբեր ամսից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»-ի կողմից ԵՄ-ի Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում նախ կատարվել է Տավուշի և Քվեմո-Քարթլի շրջաններում ոչ նյութական զբոսաշրջային արժեքների քարտեզագրում, որից հետո 2016թ. օգոստոսին Դիլիջան քաղաքում 30 հայ և վրացի երիտասարդներ մասնակցել են զբոսավարության թեմայով որակավորման դասընթացների: Ծրագրի մասնակցությունից հետո մասնակից երիտասարդները կազմել են միջսահմանային Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներ ընդգրկող տուր-փաթեթներ: Որպես ծրագրի կայունություն ապահովող բաղադրիչ արդեն իսկ վերջնական նախագծման փուլում են բջջային հավելվածները, որոնք կտրամադրեն միջսահմանային շրջաններում զբոսաշրջության հնարավորությունների մասին համակողմանի տեսանելիություն:
«Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» ծրագրի մասնակիցները հանդիպում ունեցան նաև Տավուշի մարզպետարանում: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը և քարտուղարության պետ Կարեն Իսկանդարյանը: Գուրգեն Հարությունյանի ողջույնի խոսքից հետո ծրագրի համաղեկավար Արթուր Ղազարյանը ներկայացրեց ծրագրի ընթացքն ու արդյունքները՝ ընդգծելով, որ Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության Հայաստան-Վրաստան աջակից ծրագիրը սկսվել է երկու երկրների տարածքային համագործակցության ծրագրի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանամերձ գոտու առանձնահատկությունները, ինչպես նաև ուժեղացնելու տեղական և տարածաշրջանային պետական և ոչ պետական մարմինների հնարավորությունները միջսահմանային ծրագրերը միասին զարգացնելու և իրականացնելու համար: