Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրեց 2016 թվականի կատարած աշխատանքները

24.01.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ներկայացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2016 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Հաշվետու խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մինչ աշխատանքներն սկսելը, մարզպետի առաջարկությամբ, ներկաները հարգեցին ՀՀ ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Այնուհետև հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Հովակիմյանը: Նա նշեց, որ տարվա ընթացքում իրենց գործունեությունն ունեցել է հիմնական 4 ուղղություն. արտակարգ իրավիճակների առաջացման կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացում, Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործում, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով Տավուշի մարզում ուսումնական գործընթացի կազմակերպում և իրականացում, արտակարգ դեպքերի արձագանքման կազմակերպման արդյունավետության բարձրացում: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց 2016 թվականին արձանագրված արդյունքները, անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Տեղեկացվեց, որ 2016թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ,,911,, տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 46278 զանգ, որից 363-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ: 78 ահազանգի դեպքում իրականացվել է տեղեկատվության փոխանցում այլ ծառայությունների: Գրանցված դեպքերից 274-ը տեխնածին են: Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 40 մարդ:
2016 թվականի կատարած աշխատանքները ներկայացրին նաև մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը, ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության հյուսիսիային ծառայության պետ Կ. Մխիթարյանը, ,,Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության Դիլիջանի կայանի պետ Վարդան Անտոնյանը: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Տավուշի մարզային փորձաքննական բաժանմունքի պետ Գևորգ Խուդավերդյանը զեկուցեց 2016 թվականի ընթացքում իրականացրած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին: Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2016 թվականի գործունեության արդյունքների գնահատմամբ հանդես եկան գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Գեներալը բարձր գնահատեց հաշվետու տարում մարզի փրկարարների կատարած աշխատանքը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, համայնքների, մարզի պետական կառույցների ղեկավարներին համագործակցված աշխատանքի համար: Խորհրդակցությունն ամփոփեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա ընդգծեց, որ, իր դիտարկմամբ, մարզային վարչությունում իրականացրած կադրային փոփոխությունները դրական արդյունք են տվել: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ազգային անվտանգության ու ոստիկանության մարզային ու տարածքային մարմիններին աջակցության ու համատեղ աշխատանքի համար: Մարզպետը նաև շեշտեց, որ դեռ խնդիրներ կան և համոզմունք հայտնեց, որ ընթացիկ տարվա մեջ համակարգված մոտեցումների շնորհիվ նաև դրանց լուծում կտրվի:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03