Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը

27.12.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Ներկա էին հանրապետական լրատվամիջոցների Տավուշի մարզային թղթակիցները և մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Տրված հարցերը բազմաբնույթ էին և ընդգրկում էին տարբեր ոլորտներ: Պատասխանելով, թե ինչպես է գնահատում 2016 թվականը, մարզպետ Հովիկ Աբովյանը շեշտելով, որ Տավուշի մարզը հիմնականում գյուղատնտեսական է, անդրադարձ կատարեց հատկապես այդ ոլորտում իրականացված ծրագրերին: Հանրային հեռուստաընկերության ,,Հայլուր,, լրատվականի թղթակից Գայանե Թամամյանի` համայնքների խոշորացման ծրագրի մասին հարցին, մարզպետ Հովիկ Աբովյանը պատասխանեց.
- <<Տավուշի մարզն առաջիններից էր, որ պիլոտային ծրագրով մասնակցեց խոշորացման գործընթացին: Դիլիջանում արդեն ունենք մեկ քաղաքային համայնք հարակից 6 բնակավայրերի հետ միասին: Արդեն այդ տարածքում շոշափելի արդյունք կա ներդրումների առումով: Եվրամիության ծրագրով 1,7մլն. դոլարի տեխնիկական միջոցներ են տրվել: Վեց մարդատար ավտոբուս հատկացվել է համայնքին, որոնք կսպասարկեն միացված բնակավայրերին: Խոշորացումը շարունակվել է նաև Նոյեմբերյանի տարածաշրջանում: Դեռ սկիզբն է, և ծրագրի ընկալելու տեսանկյունից, իհարկե, կան խնդիրներ, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի: Այսօր էլ արդեն իսկ ձևավորված են բոլոր համայնքների բյուջեները, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն 5-ամյա զարգացման ծրագրերով և 2017-25 թվականների ռազմավարությամբ նախատեսված է յուրաքանչյուր   համայնքում ամեն տարվա կատարվելիք աշխատանքների չափաբաժինը: Եվ ամեն տարի մենք ՀՀ կառավարությունում պետք է հաշվետվությամբ հանդես գանք, թե որ հատվածն ինչ տոկոսային համամասնությամբ ենք կարողացել իրականացնել>>,-նշեց մարզպետ Հովիկ Աբովյանը:
Մարզպետի ասուլիսի ընթացքում հարցեր բարձրացվեցին նաև մարզով անցնող միջպետական ճանապարհների, համայնքների գազիֆիկացման, հակակարկտային կայանների, համայնքներում կոոպերատիվների ստեղծման, նոր այգիների հիմնման վերաբերյալ:
Ամփոփելով տարին, մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներին տարվա ընթացքում համագործակցված աշխատանքի համար և շնորհավորեց նրանց գալիք Ամանորի առթիվ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18