Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն տրանսպորտային սպասարկման հարցերով
07.11.2016

Նոյեմբերի 4-ին ՀՀ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների ուղեկցությամբ Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը: Փոխնախարարի աշխատանքային այցի նպատակն էր ՀՀ վարչապետի հանձնարարականից բխող՝ գյուղական համայնքների սպասարկման վերագործարկում, խնդիրների ուսումնասիրություն ու բացահայտում և քննարկման արդյունքների վերջնական լուծումների առաջարկում: Այս հարցերի շուրջ էլ Արամ Արսենյանը խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը, Տավուշի մարզի ներմարզային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ մարզի համայնքներում տրանսպորտային սպասարկման խնդիրներին, մասնավորապես քննարկվեց չսպասարկվող համայնքներում երթուղիների հնարավոր վերագործարկման հարցը: Փոխնախարարը լսեց քննարկված հարցերի վերաբերյալ արված բոլոր առաջարկությունները, որոնք արդեն կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը: