Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05.10.2016

Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում էլ գրի ու դպրության, դպրոցի ու ուսուցչի հանդեպ հայ մարդու վերաբերմունքը պաշտամունքային է եղել ու շարունակում է մնալ այդպիսին:
Սիրելի ուսուցիչներ, Ձեր շնորհիվ է, որ դարեր շարունակ մենք կարողացել ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, մշակույթն ու ավանդույթները: Ու այսօր էլ մեծապես ձեզնից է կախված մեր երկրի ապագան, որովհետև Ձեզ վրա է դրված մեր հայրենիքի վաղվա քաղաքացիների կրթության ու դաստիարակության դժվարին ու պատասխանատու, բայցև շնորհակալ ու պատվաբեր գործը: Սահմանամերձ մեր մարզի հանրակրթական դպրոցներում այսօր իրենց անդուլ ու քրտնաջան աշխատանքով այդ հայրենանվեր գործին են ծառայում շուրջ 2000 ուսուցիչներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր վերելքներ ու հաջողություններ: