Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն ,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում
27.09.2016
![](http://tavush.mtad.am/files/n_pics/11478_s.jpg)
,,Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին <<ՕքսԵՋեն>> երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և նրա աշխատանքային թիմի անդամները, ծրագրի տարածաշրջանային համակարգող Աննա Պալոնկան և ծրագրի մարզային թիմի անդամները: Տեղեկացնենք, որ ծրագրի նպատակը համայնքների դիմակայունության բարձրացումն է բնական վտանգներից խոցելի ոլորտներում և համայնքների դիմակայունության ամրապնդումը բնական ու մարդածին աղետների նկատմամբ: Ծրագրի առաջնահերթ թիրախ են հանդիսանում երեխաները, կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք, և նրա իրականացմանը մասնակցում են կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների համապատասխան մարմինները: Ծրագիրը նաև ուղղված է ամրապնդելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարողությունները աղետներին արձագանքման գործում, որի արդյունքում կնվազեն աղետների ռիսկերը:
Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Ներկայացնելով մարզային թիմի անդամներին՝ նա կարևորեց ծրագրի իրականացումը սահմանամերձ մարզում և անդրադարձավ նրա շրջանակներում իրականացված աշխատանքներին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ծրագրի տարածաշրջանային համակարգող Աննա Պալոնկան հանդիպման առաջին մասում խոսեց մոնիթորինգի արդյունքների մասին, որից հետո անդրադարձավ դիմակայունության ֆորումի կազմակերպման հարցերին: Ֆորումը, որը որոշվեց անցկացնել նոյեմբեր ամսվա սկզբին, նպատակ ունի համախմբել դիմակայունության ուղղությունները, ստեղծել ընդհանուր զարգացման մոդել: Միջոցառման մասնակիցները հանդես եկան ֆորումի վերաբերյալ իրենց առաջարկություններով: