Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանը նշեց քաղաքի օրը

26.09.2016

  Սեպտեմբերի 25-ին Դիլիջանը մեծ հանդիսավորությամբ նշեց քաղաքի օրը: Տոնակատարությանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բազմաթիվ հյուրեր: Ավանդույթի համաձայն միջոցառումն սկսվեց գորգագործության և կիրառական արվեստի «Մշակութային վերածնունդ» հանրապետական փառատոնի համակցությամբ: Քաղաքային հրապարակում տեղադրված գեղեցիկ տաղավարներում ցուցադրվել էին հանրապետության մարզերի և Արցախի հայկական գորգերն ու կարպետները, հայ վարպետների ձեռքի աշխատանքները: Ներկայացված էր նաև հայտնի «Մեգեյան կարպետը»:
 Ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը: Բանախոսները իրենց ելույթներում անդրադարձան քաղաքի տնտեսական և մշակութային զարգացման առաջընթացին՝ կարևորելով տարբեր ոլորտների, հատկապես մշակութային և զբոսաշրջային լայն հեռանկարները: Իր խոսքում Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի տնօրինությանը և «IdeA» հիմնադրամի համահիմնադիրներ, բարերարներ Ռուբեն Վարդանյանին և Գագիկ Ադիբեկյանին Դիլիջանում խոշոր բարեգործական ծրագրերի իրականացման համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչ, «Մեդիա Օնիքս» ընկերության տնօրեն Մարիա Մինասյանին՝ արդեն երրորդ անգամ Դիլիջանում անցկացվող «Մշակութային վերածնունդ» հանրապետական փառատոնի կազմակերպման համար:
  Տոնակատարությանը նաև հարգանքի և մեծարանքի խոսքեր հնչեցին 90-ականների ազատամարտի նահատակների, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Վլադիմիր Ալիխանյանի ու հայրենիքի մյուս նվիրյալ զավակների մասին: Միջոցառման ժյուրիի կողմից «Երախտագիտության» մրցանակ շնորհվեց ավագ լեյտենանտ, «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» և «Մարշալ Բաղրամյան» շքանշանների ասպետ Ռուբեն Սանամյանին:
 Օրը հագեցած էր գեղարվեստական հարուստ ծրագրով: Ներկաները մեծ բավականությամբ վայելեցին Դիլիջանի արվեստի պետական քոլեջի, Հովհ. Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարի խմբի և մարզերից ժամանած գեղարվեստական խմբերի ելույթները: Հանդես եկան նաև երգիչներ Խաչիկ Ղազարյանը և Սամվել Ղասաբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26