Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավոր օր Խաչարձանում

24.09.2016

Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրում, որը հիմա մաս է կազմում Դիլիջան համայնքի, սեպտեմբերի 23-ը խիստ խորհրդանշական օր էր: Մի քանի ծրագրերի ավարտի հանդիսավոր ազդարարումը Խաչարձանին տոնական տրամադրություն էր բերել: Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է արգենտինահայ բարերարների կողմից՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցով: Արգենտինահայ ամուսիններ Կալչիյաններն են հիմք դրել Խաչարձանում իրականացվող ծրագրերին: Նախորդ տարիներին հիմնանորոգվել են դպրոցը, բուժկետը, հանդիսությունների սրահը: Ապա Կալչիյանները ներգրավել են նաև իրենց ընկերներին, որոնց շնորհիվ Խաչարձանում շարունակվում է առաջնահերթ խնդիրների լուծումը: Տոնական օրը սկսվեց ,,Հավատքի պուրակից,,: Բարերարները՝ Անակ ընտանիքի անդամները, այսպես են այն անվանել՝ նվիրելով իրենց պապի՝ Սարգիս Այվազյան Անակի հիշատակին: Պուրակում նախ Տավուշի մարզի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեց խաչքարը, ապա Խաչարձանի 130 բնակիչներ մկրտվեցին:
Խաչարձանի հանդիսավոր արարողություններին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր մարզի համայնքներից և սփյուռքից: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հաջորդ արարողությունը ջրագծի բացումն էր: Բարերարներն իմանալով, որ Խաչարձանում ջրի խնդիր կա, լուծել էին նաև այն, և այսօր յուրաքանչյուր տուն աահովված է խմելու ջրով: Ծրագիրը ֆինանսավորել են Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքները: Հանդիսավոր օրվա առթիվ ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա ներկաներին փոխանցեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բարեմաղթանքները: Լևոն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց արգենտինահայ բարերարներին՝ ընդգծելով հատկապես Կալչիյան ամուսինների դերը, ովքեր առաջինը եղան Խաչարձանում, բարեգործության հիմքը դրեցին այստեղ և կարողացան նաև համախմբել իրենց ընկերներին՝ հանուն հայրենիքի մի փոքր անկյունի շենացման: Նա հավաստիացրեց, որ նման բարեգործությունները խիստ հայապահպան նշանակություն ունեն: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց նաև ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին՝ նման գաղափարները արդյունավետ կերպով բնակչությանը հասցնելու համար:
Թերզյան ընտանիքի ֆինանսավորմամբ Խաչարձանում կառուցված մարզադահլիճը նույնպես հանդիսավորությամբ բացվեց: Թերզյանները սրանով կատարել էին նաև իրենց վաղամեռիկ դստեր՝ Մարիայի երազանքը: Մարզադահլիճն ունի ժամանակակից բոլոր պայմանները, որպեսզի Խաչարձանի երեխաներն ու երիտասարդները մարզվեն և իրենց ժամանցն անցկացնեն այդտեղ:
Այս երեք ծրագրերի իրականացման համար արգենտինահայ բարերարները կատարել են 350 մլն դրամի ներդրում, իսկ ընդհանուր առմամբ Խաչարձանում արդեն ներդրվել է 500 մլն. դրամ գումար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57