Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Այգեձորի հիմնովին վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը
07.09.2016

Սեպտեմբերի 6-ին Բերդի տարածաշրջանի Այգեձոր համայնքում տեղի ունեցավ գյուղի հիմնովին վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Նախակրթարանը նորոգվել ու ամբողջությամբ համալրվել է նոր գույքով Հայ օգնության ֆոնդի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում և Focus on Children Now բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ, ինչի շնորհիվ այս տարի մանկապարտեզի սաների թիվն ավելացել է 10-ով։ Ծնողներն այսօր մեծ սիրով են իրենց փոքրիկներին տանում մանկապարտեզ: «Արդեն ունենք 55 սան, ինչը մեծ ձեռքբերում է սահմանամերձ համայնքի համար։ Տեսնելով մեր նոր, հարմարավետ պայմանները՝ շատ ծնողներ, որոնք նախկինում երեխաներին չէին բերում մանկապարտեզ, արդեն դիմումներ են ներկայացրել իրենց փոքրիկներին մեզ մոտ ընդունելու համար»,- բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց մանկապարտեզի տնօրեն Սամելա Առուշանյանը։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ին այն բանի համար, որ արդեն հնարավորություն ունեն ավելի փոքր հասակից ու ավելի մեծ թվով երեխաներ ընդունել մանկապարտեզ: