Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը

06.09.2016

 Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը` ՌԴ արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, մարզպետարանի պատասխանատուներ:
 Ողջունելով հյուրերին` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դրական ու արդյունավետ գնահատեց համագործակցությունը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ: Կարևորեց հատկապես գյուղատնտեսության ու կրթության ոլորտներում արդեն իսկ ձեռք բերված համագործակցության արդյունքները: Իր հերթին ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Դմիտրի Մաքսիմիչևը շնորհակալություն հայտնեց հանդիպման ու ջերմ ընդունելության համար` նշելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված են բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր համագործակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ: Այնուհետև Տավուշի մարզպետի հետ քննարկվեցին ոչ միայն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով իրականացված աշխատանքները, այլև համագործակցության հետագա ընթացքն ու անելիքները: Տեղեկացնենք, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մարզի 16 սահմանամերձ համայնքների բնակիչներ ընդգրկված են եղել սեփական համայնքի կարիքների բացահայտման և համայնքային զարգացման ծրագրերի ստեղծման գործընթացին: Այդ ծրագրերն առնչվում են համայնքի զարգացման համար առաջնային նշանակություն ունեցող այնպիսի ոլորտների, ինչպիսիք են զբաղվածությունը, գյուղատնտեսության զարգացումը, գյուղմթերքների արտադրությունն ու վերամշակումը, ենթակառուցվածքների վերականգնումը, կրթությունն ու առողջապահությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բնական աղետների հանդեպ դիմակայունությունը:
Այս ամենը մասն են կազմում <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>> ծրագրի, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է ՄԱԶԾ-ն` սերտորեն համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Ծրագրի շրջանակներում 135 քմ մակերեսով էներգախնայող ջերմոցներ են կառուցվել Բերդավան, Ոսկեվան և Դովեղ համայնքների 12 շահառուների համար, որոնց արժեքի 80 տոկոսը ֆինանսավորել է ծրագիրը, 20 տոկոսը ներդրել են շահառուները: Ջերմատներում կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը ֆինանսավորել է Հայ Օգնության Միությունը /ՀՕՄ/:
 Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին մարզի Բերդավան և Ոսկեվան համայնքներ` ծանոթանալու ծրագրի ընթացքին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56