Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
31.08.2016
![](http://tavush.mtad.am/files/n_pics/11291_s.jpg)
Հարգելի տավուշցիներ, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Տոնական այս օրը Տավուշի մարզի 81 հանրակրթական դպրոցները հանդիսավորությամբ իրենց դռները կբացեն դպրոցականների առջև: Օրը հատկապես հիշարժան է 1-ին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում դպրոցական կյանք, և շատ կաևոր է, թե նրանք ինչպես կսկսեն իրենց կյանքի այս նոր շրջափուլը: Ուրախալի փաստ է, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ այս տարի կանխատեսվում է և դասարանների, և առաջին դասարանցիների նկատելի աճ: Իսկ ահա 12-րդ դասարանն ավարտողների համար այսօր Գիտելիքի օրվա վերջին հանդիսությունն է, վերջին ուսումնական տարին, որն ավարտելով նրանք կմտնեն մեծ կյանք: Կյանք, որի մարտահրավերներին դիմակայելու համար նրանցից կպահանջվեն կայուն ու հիմնավոր գիտելիքներ, քանի որ գիտելիքն է այն հզոր զենքը, որով կարող են հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Սիրելի ուսուցիչներ, աշխատանքային նոր լիցքեր ու նոր եռանդ եմ մաղթում Ձեզ նոր ուսումնական տարում, որովհետև Ձեր տված գիտելիքներով ու դաստիարակությամբ է ձևավորվում մեր վաղվա քաղաքացին:
Սիրելի դպրոցականներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ, ցանկանում եմ, որ այսօրվա տոնական տրամադրությունն ու ոգևորությունը ուղեկցեն Ձեզ ողջ տարվա ընթացքում, և ուսումնական տարվա յուրաքանչյուր օրը Ձեզ համար լինի գիտելիքների հարստացման ու նոր գիտելիքների ձեռքբերման օր: Հաջողություններով լի ու արգասաբեր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ: