Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

27.08.2016

   Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Այնուհետև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը մանրամասն ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարում կրթության ոլորտում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, անդրադարձավ անելիքներին: Նշվեց, որ մարզում գործում է 81 հանրակրթական դպրոց, որից 4-ը` ավագ: 2015-2016 ուսումնական տարվա սեպտեմբերին առաջին դասարանցիների թիվը կազմել է 1737, իսկ նոր ուսումնական տարում կանխատեսվում է 1792: Մարզում գործում է 48 նախադպրոցական հիմնարկ, և աշխատանքներ են տարվում մանկապարտեզների, այդ թվում նաև նախակրթարանների և մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման ուղղությամբ: 2016թ. նախակրթարաններ կբացվեն մանկապարտեզ չունեցող ևս 8 համայնքում: Մարզի 77 հանրակրթական դպրոցներից 32-ը ունեն լոկալ ջեռուցում, 2 դպրոց ջեռուցվում է գազի վառարաններով, 2–ը՝ էլեկտրաէներգիայով և 41 դպրոց ջեռուցվում է դիզելային վառելիքի վառարաններով: 2015թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Կողբի թիվ 1, Ներքին Ծաղկավանի, Իջևանի թիվ 5, Գանձաքարի, Արճիսի դպրոցներում, դպրոցի պատուհանների վերատեղադրում և պաշտպանիչ հենապատի կառուցում է կատարվել սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցում, վերանորոգվել է Դեղձավանի հիմնական դպրոցի տանիքը: Վերանորոգման աշխատանքներ են տարվել նաև մանկապարտեզներում: Դպրոցներում աշխատում է շուրջ 2120 ուսուցիչ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կրթություն: Յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ուսուցիչների թվաքանակի 1/5-ը: 2013-2016թ.թ. ընթացքում տարակարգի ստացման համար մարզից 12 ուսուցիչ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ստացել որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Անցած ուսումնական տարին հագեցած է եղել բազմաթիվ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներով, որոնցում հաջողությամբ հանդես են եկել մարզի դպրոցականները: ՀՀ կառավարության ծրագրով և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 2015-2016 ուստարում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 դպրոցականներ են իրենց ամառային հանգիստն անցկացրել Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբարում: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ տարածքային համապատասխան բաժինների հետ համատեղ հետևողական աշխատանք է տարվում իրավախախտման հակում ունեցող, դժվար դաստիարակվող անչափահասների հետ, որի արդյունքում զգալիորեն նվազել է նման երեխաների թիվը: Խոսելով աշակերտների սննդի կազմակերպման մասին, որն իրականացվում է մարզի դպրոցների 1-4 դասարանցիների համար ՄԱԿ-ի <<Դպրոցական սնունդ>> ծրագրի շրջանակներում, Կարեն Նազարյանը տնօրենների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ստացած սննդի ճիշտ պահեստավորման վրա:
  Իր ելույթում ներառական կրթության հիմնախնդիրներին անդրադարձավ <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորական խոսք ասացին և ելույթներով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Ամփոփիչ ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն իր ելույթն սկսեց հայրենասիրությունից` շեշտելով, որ Տավուշի մարզի ուսուցիչներն արդեն իսկ գործնական հայրենասիրության օրինակ են: Այնուհետև անդրադարձ եղավ կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին: Կարևորվեցին կրթության որակի բարձրացմանը, դասագրքերին, ուսուցման կազմակերպման ձևերին ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Խոսվեց նաև 12-րդ դասարանի բեռնաթափման, բյուրոկրատական քաշքշուկների վերացման և ներառական կրթության մասին:
Խորհրդակցության ավարտին կրթության ոլորտում ունեցած ավանդի համար մի խումբ մանկավարժներ պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57