Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> միջոցառումը

17.08.2016

 Օգոստոսի 15-21-ը Հաղարծնի վանական համալիրում անցկացվում է <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> խորագրով միջոցառումը։ Ըստ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, <<Հաղարծնի մշակութային շաբաթվա>> նախաձեռնողները թեմի երիտասարդներն են։ Թեմի առաջնորդի խոսքով ընտրվել է Հաղարծին վանքային համալիրը, քանի որ այն միջնադարյան նշանավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է, նաև` երաժշտական կենտրոն, որն այսօր էլ կարող է վերադարձնել նախկին փառքը։
 Օգոստոսի 15-ին, միջոցառման բացման հանդիսավոր արարողության ընթացքում, մեկ շաբաթով Երևանի պատմության թանգարանից վանքային համալիրին վերադարձվեց նաև Սուրբ Աստվածածնի նշանավոր պատկերաքանդակը։ Միջոցառման օրերն էլ պատահական չեն ընտրված, քանի որ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող 9 օրերը նվիրված են Աստվածամորը, և հավատավորները շաբաթվա ամեն օրը փորձում են դարձնել գոհության օր։
 Բացման օրը Հաղարծինը խիստ բազմամարդ էր։ Ներկա էին հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, հոգևորականներ, մարզային կառույցների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ողջունելով մասնակիցներին` Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը։ Նա նշեց, որ սա լավագույն միջոցներից է և մեր սերունդներին, և ամբողջ աշխարհին ծանոթացնելու հայկական մշակույթի հետ։ Հատկապես այն, որ միջոցառմանը զուգընթաց վանքային համալիրի տարածքում կատարվում են նաև բազմաթիվ ցուցադրություններ, ձեռագործ աշխատանքների, հայկական խոհանոցը ներկայացնող ճաշատեսակների, առավել գրավիչ ու հետաքրքիր է դառնում նախաձեռնությունը։ Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց <<Հաղարծնի մշակութային շաբաթ>> միջոցառման նախաձեռնողներին, կազմակերպիչներին և հույս հայտնեց, որ այն կդառնա ավանդական՝ ընդգրկելով նաև մեր մյուս հայտնի վանքային համալիրները։
Բացման օրը հոգևոր երաժշտությամբ լցրեց <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>> երգչախումբը` Տիգրան Հեկեկյանի գլխավորությամբ, նրանց միացավ նաև Տավուշի մանկապատանեկան թեմը։ Իսկ ամբողջ շաբաթվա ընթացքում համակողմանի կներկայացվեն Հաղարծնի պատմությունն ու մշակույթը, կլինեն ժամերգություններ, հոգևոր երաժշտության ժամեր, Տավուշի պատմական արհեստների և արվեստների ցուցադրություն, վարպետաց դասեր:
 Ողջ շաբաթվա ընթացքում Հաղարծնում այցելուներին կուղեկցեն կամավորները, որոնք բոլորը կլինեն կանաչ վերնաշապիկներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26