Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

28.07.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
Հուլիսի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց էր կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ: Վարչապետը հանդիպել է նաև տեղի բնակչությանը, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել է 263 մլն դրամ: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կլուծվի համայնքի խմելու ջրամատակարարման խնդիրը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:
Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին: Վեց զավակ ունեցող ընտանիքին ՀՀ կառավարության և Տավուշի մարզից մեծամասնական համակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի աջակցությամբ ձեռք է բերվել նոր բնակարան:

http://gov.am/am/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56