Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Տավուշի մարզպետարանում
21.07.2016
Այսօր՝ հուլիսի 21-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ԱՄՆ սենատի պատվիրակությանը՝ Թոմաս Գոֆֆուսի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ: Պատվիրակության այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ սահմանամերձ մարզի այն խնդիրներին, որոնք ծագում են հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց մարզ այցելելու համար: Մարզպետը մանրամասն ներկայացրեց հրետակոծությունների և գնդակոծությունների ժամանակ համայնքներին և խաղաղ բնակչությանը հասցված վնասները: Մասնավորապես նշվեց, որ միայն վերջին 1,5 տարվա ընթացքում սահմանամերձ գոտում վնասվել է շուրջ 1600 առանձնատուն, գնդակոծությունների և հրետակոծությունների ընթացքում զոհվել է 7 խաղաղ բնակիչ:
Մարզպետը նաև նշեց գյուղատնտեսության բնագավառին հասցվող այն վնասների մասին, որոնք տեղի են ունենում և գարնանը գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպելու ժամանակ, և բերքահավաքի ընթացքում: Նշվեց նաև միջպետական և հանրապետական ճանապարհների ուղղակի նշանառության տակ գտնվող հատվածների գնդակոծության և հրետակոծության դեպքերի մասին: Մարզպետը պատվիրակության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ են ադրբեջանցիների կողմից սահմանամերձ համայնքների մանկապարտեզները և դպրոցները նշանառության տակ պահելու դեպքերը: Չնայած նրան, որ համապատասխան ծրագրերով այդ ուղղությամբ կատարվել են որոշակի պաշտպանական միջոցառումներ/պաշտպանիչ պատեր, լուսամուտների բացվածքների փոքրացում, դպրոցներում և մանկապարտեզներում ապահով սենյակների ստեղծում/, բայց երեխաների ապահով շարժը դեռևս վտանգված է:
Իրենց համայնքներում տիրող իրավիճակի մասին առավել մանրամասն ներկայացրին նաև սահմանամերձ Բաղանիս, Չինարի և Բերքաբեր համայնքների ղեկավարները:
Սենատոր Թոմաս Գոֆֆուսը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ այն իրենց կողմից կարևորվում է իրավիճակն առավել լավ հասկանալու համար: