Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
11.07.2016
Հուլիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում կրթօջախի այս տարվա շրջանավարտների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել աբեղա Մխիթարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմը` տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, մարզային կառույցների ղեկավարներ, մտավորականության ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկաներին ողջունեցին և շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասացին ռեկտոր Արամ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը: Լևոն Սարգսյանը, մարզպետ Հովիկ Աբովյանի, մարզային կառույցների անունից շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց որպեսզի հաջողակ լինեն և կրթօջախում ստացած գիտելիքներն օգտագործեն ու կայանան որպես մասնագետներ: Նա կարևորեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկայությունը Տավուշի մարզի համար՝ շեշտելով, որ հաստատության շրջանավարտներն արդեն տարբեր ոլորտներում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում և յուրաքանչյուր տարի շարունակում են համալրել կայացած մասնագետների շարքերը: Նա նշեց նաև, որ համալսարանը հնարավորություն է տալիս երիտասարդներին կրթություն ստանալ տեղում, միաժամանակ կապված մնալ հայրենի եզերքին ու ակտիվ մասնակցություն ունենալ մարզի հասարակական կյանքին: Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Արամ Սիմոնյանին` մասնաճյուղի խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար և կրթօջախի դասախոսական կազմին` նվիրված աշխատանքի համար:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և համերգ՝ կազմակերպված ուսանողների ուժերով: