Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում տեղի ունեցավ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագրի ամփոփիչ համաժողովը

23.06.2016

  Այսօր «Դիլիջան» առողջարանային համալիրում տեղի ունեցավ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի արդյունքները, նվաճումները, քաղած դասերը և մարտահրավերները: Համաժողովին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական և տարածքային գործակալությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Ողջույնի խոսքով համաժողովը բացեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Այնուհետև համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկեր կազմակերպություններին, աջակիցներին համատեղ քրտնաջան, թափանցիկ ու ակտիվ աշխատանքի համար: Նշեց, որ ծրագիրն օգնել է ստեղծել համապատասխան կարողություններ, որոնք այսօր հնարավորություն են տալիս շարունակելու այն, իսկ ծրագրի սկզբում ընդունած <<Վստահեք մեզ, մենք դա կարող ենք>> կարգախոսն այսօր արդեն հիմնավորված է ձեռք բերած գիտելիքներով, ծրագրերով: Նա կոչ արեց բոլոր կազմակերպություններին, գործատուներին օգնելու, կյանքի կոչելու ներկայացված բիզնես գաղափարները:
 Տեղեկացնենք, որ «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվել Տավուշի մարզի 4 քաղաքային և հարակից գյուղական համայնքներում «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի կողմից՝ Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության զարգացման գործակալության և «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ: Ծրագրից շահել է հաշմանդամություն ունեցող 154 երիտասարդ: Նրանցից 95-ը կարճաժամկետ մասնագիտական դասընթացների արդյունքում ստացել են որակավորում 16 տարբեր ոլորտներում (գործավարություն, հրուշակագործություն, վարսավիրություն, խոհարարություն, մատնահարդարում և այլն), 39-ը ունեն մասնագետի աջակցությամբ մշակված բիզնես պլան, 4-ը՝ իրենց սեփական գործը, 8-ը անցել են աշխատանքի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57