Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաք եղանակներին ջրային գործոնով պայմանավորված ռիսկերը

10.06.2016

   Ամառային շոգ եղանակը մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցությունից բացի կարող է նաև առաջացնել բազմաթիվ ռիսկեր: Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը պայմանավորված է հիվանդություններ փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանմամբ: Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազանների, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է): Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխաներին արգելել դեկորատիվ ջրավազաններում լողալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն արգելվում է նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով հատվածներում: Չի կարելի ձեռքերը, մրգերը, բանջարեղենը, հատապտուղները լվանալ առուների, գետերի, լճերի ջրերով: Անհրաժեշտ է զգոն լինել խմելու ջրի որակի նկատմամբ՝ հոտի, համի, գույնի տեսանելի փոփոխությունների, նստվածքների առկայություն նկատելու դեպքերում այն պետք է օգտագործել միայն եռացնելուց հետո, միաժամանակ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ ջրի որակի հետ կապված խնդիրները բացահայտելու և վերացնելու համար: Ժամանակացույցով կամ ջրամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքների հետևանքով իրականացված ջրանջատումներից հետո մատակարարվող ջուրն օգտագործել միայն որոշ ժամանակահատված հոսելուց հետո՝ խողովակներով հոսող հնարավոր աղտոտումների մաքրման նպատակով: Ջրով փոխանցվող մանրէային, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունները կանխարգելելու նպատակով խմելու ջուրն անհրաժեշտ է ենթարկել շարունակական ախտահանման, ինչը կարևորվում է հատկապես տարվա տաք եղանակներին: Ախտահանումը միկրոօրգանիզմների ոչնչացման գործընթաց է՝ ջրով փոխանցվող վարակները կանխելու նպատակով: Ջուրը կարող է աղտոտվել տարբեր աղբյուրներից. հիմնականում դա կենցաղային կեղտաջրերն են, անասնապահական գործունեության արգասիքներից /գոմեր, հավաբներ, արոտատեղիներ/, կենցաղային աղբակույտերից գոյացած մակերեսային արտահոսքերը /անձրևաջրերից և ձնհալի ջրերից գոյացող/, հորատիպ զուգարանները: Խմելու ջրամատակարարման աղբյուրների շրջակայքում սանիտարական պահպանման խիստ ռեժիմի գոտին չապահովելու դեպքում /30-50մ շրջագծով ցանկապատ/, կապտաժների ամբողջականության խախտումների, տարածքում հորատիպ զուգարանի առկայության դեպքերում ջուրը կարող է աղտոտվել անմիջապես ջրամատակարարման աղբյուրում: Սակայն մինչև սպառողին հասնելը աղտոտման վտանգը կարող է հանդիպել ցանկացած հատվածում, եթե կան ջրամատակարարման համակարգի ամբողջականության խախտումներ՝ վթարային իրավիճակներ, որոնք անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և վերացնել: Ջրի աղտոտման պատճառ կարող է լինել նաև բնակչության կողմից իրականացված ջրագծերի և կոյուղու ապօրինի ու սխալ միացումները: Նմանատիպ ապօրինի միացումների մասին տեղեկություն ունենալու դեպքում անհրաժեշտ է ահազանգել ջրամատակարար կազմակերպությանը, քանի որ դա վտանգում է Ձեր և Ձեր ընտանիքի անդամների առողջությունը: Ջրի աղտոտման պատճառ կարող է հանդիսանալ նաև խմելու ջրով տնամերձ այգիների ոռոգումը, քանի որ ռետինե խողովակից ջրանջատման ընթացքում կարող է առաջանալ հակադարձ հոսք, ինչի հետևանքով աղտոտումը կներթափանցի ջրամատակարարման համակարգ՝ առաջացնելով աղիքային վարակների տարածման վտանգ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57