Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվում են ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի արդյունքները

10.06.2016

Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը: Այն ամբողջությամբ նվիրված էր ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի ամփոփմանը: Նիստը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին և ողջույնի խոսք ասացին ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ,,Առաքելություն Արևելք,, բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալներ Կարեն Ադամյանը և Վարդան Ալեքսանյանը, աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, համայնքների ղեկավարներ, ոլորտը կարգավորող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի կենտրոնների ներկայացուցիչներ: Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից ողջունեց և հաջողություն մաղթեց նիստի աշխատանքներին:
,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Ծրագրի հիմնական նպատակն էր բարելավել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանները՝ զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ: Եռամյա գործունեության համառոտ ամփոփումը ներկայացնելով, մարզպետի տեղակալը նշեց, որ հենց սկզբից բավականին արդյունավետ համադրվեցին բոլոր կարող ուժերի և կազմակերպությունների ջանքերը, և ծրագրվեց առավելապես աշխատել այս երեք ուղղություններով. հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ապահովել մասնագիտական կրթություն ստանալու և հմտություններ զարգացնելու հնարավորություն, խնդիր դնել, որպեսզի նրանք աշխատաշուկայում դառնան մրցունակ, գործատուների մոտ լրացնել ներառման գաղափարի մասին տեղեկատվության պակասը: Այսօր արդեն արձանագրվել է, որ ծրագրի մեկնարկին ակնկալվող արդյունքներն ամբողջովին իրականություն են դարձել: Մարզի 4 տարածաշրջաններից ծրագրի մեջ ներառված 120 երիտասարդ ստացել են մասնագիտական կրթություն և տեղական աշխատաշուկային համապատասխան որակավորում: Լևոն Սարգսյանը շատ կարևոր ձեռքբերում համարեց նաև 4 քաղաքացիական գործընկերության հարթակների ստեղծումը, որոնք յուրահատուկ ամբիոն են առաջացող խնդիրների  և անհրաժեշտ տեղեկատվության քննարկման համար:
Ծրագրի վերջին փուլում սկսնակ ձեռներեցների աջակցման երկամսյա դասընթացներ են անցկացվել 30 երիտասարդի համար: Դասընթացի ավարտին մասնակիցները կազմել են նաև գործարար ծրագրեր: Կազմված 26 ծրագրերը խիստ բազմազան են և ըստ ոլորտների, և ըստ ուղղվածության: Նիստում ներկայացված տեղեկատվության համաձայն, դրանց կյանքի կոչվելու դեպքում կբացվի  85 նոր աշխատատեղ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18