Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀԱՎԱՍԱՐ,, խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես
31.05.2016
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀԱՎԱՍԱՐ,, խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես, որը նախաձեռնել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակը և ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամը: Ցուցահանդեսն անցկացվում է ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամի ,,ՀԱՎԱՍԱՐ,, քարոզարշավի շրջանակներում և Օքսֆամի ,,Հավասարեցնել,, գլոբալ քարոզարշավի մասն է կազմում: Ցուցահանդեսը ներառում է չորս թեմատիկ շարք. դրանք են հայ քաղաքական գործիչների դիմանկարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի հայ կանանց ու տղամարդկանց դիմանկարներ՝ թեմային վերաբերող կոչ-ուղերձներով, գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող լուսանկարային պատմություններ, կանանց դիմանկարներ, ովքեր ընտրել են կանանց շրջանում այդքան էլ չընդունված մասնագիտություններ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների կարևորության մասին: Ակցիային մասնակցում են ինչպես հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ, այնպես էլ գյուղաբնակ կանայք: Նրանք բոլորը ելքեր են առաջարկում, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքականության մեջ, կանանց ներգրավվածության բարձրացմանը: Ցուցահանդեսն առաջինը կայացել է Ազգային Ժողովում, ապա հանդիսավորությամբ բացվեց Տավուշի մարզպետարանում: Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ցուցադրությունը Տավուշի մարզպետարանում կազմակերպելու համար: Նշեց, որ թեման շատ կարևոր է ու արդիական :
- Եթե անդրադառնանք խորագրին՝ ,,Հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ,, , ապա պետք է արձանագրենք, որ կանայք մեծ հնարավորություններ ունեն , միայն մնում է կարողանանք նաև իրավունքները հավասար կիսել կանանց հետ: Պետք է վերլուծություններ կատարենք, որպեսզի և աշխատանքում, և դրանից ստացված եկամուտների տնօրինման մեջ հավասարություն ապահովենք կանանց ու տղամարդկանց միջև: Եվ շատ կարևոր եմ համարում նաև կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ինչի համար մենք պետք է աշխատանք տանենք և հաղթահարենք ձևավորված որոշակի կարծրատիպեր,-ասաց Լևոն Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ նաև սեմինար նույն թեմայով: