Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Մայր Տաճարում մասնակցել է Կաթողիկեի տոնի առթիվ մատուցված Սուրբ և Անմահ Պատարգին

30.05.2016

 Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշել է Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում են հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և մարզի ուխտավորները` գլխավորությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքապետերի, ինչպես նաև զինվորականներ ու բազում հավատավոր հայորդիներ: Ս. Պատարագի արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի բարերարներ` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չեմբերճյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
 Օրվա խորհրդի շուրջ քարոզելով` Բագրատ Սրբազանը մասնավորաբար ասել է. «Այսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է, և մենք աշխարհի տարբեր ծայրերից, Հայոց աշխարհի զանազան բնակավայրերից, սահմաններից, հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներով համախումբ, փառաբանում ենք և շնորհակալություն հայտնում մեր Տիրոջը` մեզ ընծայված այս մեծ շնորհի համար: …Մեծ խորհուրդ ունի Ս. Էջմիածնի հաստատումը` որպես Կաթողիկե Մայր Եկեղեցու բաբախող սիրտ, ճառագող արև, որը լցնում է հայոց հոգևոր կյանքի անդաստանները, զարգացնում մեր հոգևոր մշակույթը, ոռոգում և լցնում մեր Հայրենիքի սահմանների դաշտերն ու անդաստանները խաղաղության հաստատման համար: Կարծես նախախնամական լինի, որ այս օրերին շարունակաբար ազգովի տոնախմբում էինք մայիսյան հերոսական տոների փառապանծ էջերը: Եվ հետ դառնալով դեպի չորրորդ դարը` մեր Ս. Եկեղեցու հիմնադրման օրերը, հասկանում ենք, որ այսօրվա գաղափարը ամփոփում է և դառնում եզրակետը այդ բոլոր հաղթանակների»: Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում դարերի ընթացքում Մայր Աթոռի ստանձնած փրկչական դերակատարությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության տարիներին եղեռնից մազապուրծ եղած գաղթականների, որբերի նկատմամբ խնամատարությանը` մեծ ակնածանքով վերհիշելով այն կարևոր որբահավաք և որբախնամ առաքելությունը, որ այդ տարիներին իրականացվել է ՀԲԸՄ-ի կողմից:
Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրել է, որ Տավուշի ուխտավորներն եկել են իրենց համբույրը դրոշմելու Մայր Տաճարին և ստանալու Հայոց Հոր օրհնությունը և վկայելու, որ կյանքի ու մահվան սահմանագծում ապրողները ողջ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն են պահում: «Հաղթանակի հարության հույսով մեր ժողովրդի համար մահ չկա, քանի դեռ գոյություն ունի Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, քանի դեռ մեզ ուղեկցում են Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը և Ս. Տրդատ արքայի հուժկու բազուկը: Կաթողիկե տաճարը սոսկ պատմական հուշակոթող չէ, այլ մենք` այսօր ապրող քրիստոնյաներս ենք», - եզրափակել է իր խոսքը Սրբազան Հայրը` մաղթելով, որ Աստված Իր ներկայությամբ լցնի հայոց կյանքը: Հավարտ Պատարագի սրբազան արարողության, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկաներն աղոթել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության և հավիտենական առաքելության անխափան արդյունավորման համար: Մայր Տաճարի շրջափակում` Ս. Տրդատի կամարի առջև, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն է բերել Տավուշի թեմի ուխտավորներին` պատգամելով համախումբ մնալ իրենց հոգևոր առաջնորդի ու մարզպետի շուրջ` զորակցելով նրանց հայրենաշեն բոլոր ծրագրերի իրագործմանը, և պատգամել իրենց քաղցրահունչ աղոթքներում մշտապես հիշել Հայրենիքն ու Հայոց Եկեղեցին:

Tahuys.am

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16