Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

24.05.2016

 Մայիսի 24-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է սահմանամերձ Վազաշեն, Բերքաբեր և Սևքար գյուղական համայնքներ, հետաքրքրվել այդ համայնքների մարզական կյանքով, ծանոթացել ոլորտի խնդիրներին: Նախարարը շրջել է նաև նշված համայնքների դպրոցներում, տեղում ծանոթացել մարզադահլիճների պայմաններին, մարզագույքով հագեցվածությանը, զրուցել ուսուցիչների հետ: Վազաշենի դպրոցում նախարարը հետաքրքրվել է մարզադահլիճի շենքային պայմաններով, եղել շախմատի դասարանում: Բերքաբերի դպրոցը թեպետ ունի վերանորոգված մարզադահլիճ, սակայն այսեղ էլ առկա է գույքի խնդիր: Սևքարի դպրոցում Գաբրիել Ղազարյանը ծանոթացել է նաև ծանրամարտի խմբակի աշխատանքներին: Այստեղ բարձրացվել է լուսավորության համակարգի բարելավման խնդիրը: Մարտ առանց կանոնների մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ով նախարարի աշխատանքային խմբում էր, տեղում խոստացել է անհրաժեշտ լամպերը նվիրել դպրոցին: «Այցս սահմանամերձ համայնքներ պատահական չի ընտրված: Այս համայնքներում ապրող այսօրվա աշակերտների մոտ ֆիզկուլտուրայով զբաղվելը պետք է կենսական նշանակություն ունենա: Դուք պարտավոր եք նրանց մոտ սերմանել ֆիզկուլտուրայով պարտադիր զբաղվելու գաղափարները: Սա ռազմավարական նշանակություն ունի մեր հայրենիքի համար»,- ասել է նախարարը դպրոցների ուսուցչական կազմի հետ զրույցներում: Նա նաև հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը առկա իրավիճակի վերաբերյալ իրատեսական պատկերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին փոխանցելու և նրանց հետ միասին, համատեղ ուժերով դրանց լուծում տալու համար: «Վստահեցնում եմ, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության և անձամբ վարչապետի ուշադրության կենտրոնում: Պետք է աշխատենք և համատեղ ուժերով շտկենք այս իրավիճակը»,- նշել է Գաբրիել Ղազարյանը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ավարտվել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացված քննարկում-խորհրդակցությամբ, որին մասնակցել են մարզադպրոցների տնօրենները, մարզիչ-մանկավարժներ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային այցի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Անդրադարձ է եղել մարզական ոլորտին վերաբերող մի շարք հիմնահարցերի, մասնավորապես մարզադահլիճների ոչ բարվոք շենքային պայմաններին, մարզագույքի մաշվածության և պակասի, ջեռուցման խնդիրներին: Խորհրդակցության ավարտին նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14