Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվեցին դիտարկման արդյունքները
12.05.2016

Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբը Համայնքների ֆինանսիստների միավորման և ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային աջակցությամբ իրականացնում է <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագիրը, որի շրջանակներում 2016-2019 թվականներին իրականացնում է ՀՀ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մի քանի օրենքներով նախատեսված պարտադիր գործառույթների դիտարկում-հսկողություն: Ծրագրի նպատակն է խթանել հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, կառավարման ապակենտրոնացմանը, առավել թափանցիկ և հաշվետվողական ինքնակառավարում ունենալուն: Ծրագրի ժամկետն է 2014-2019 թվականները: Ծրագրի շրջանակներում ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբը ամիսներ առաջ օրենքով սահմանված` գաղտնիք չհանդիսացող տեղեկությունների հարցումներ է հղել մարզի բոլոր համայնքապետերին` խնդրելով այդ տեղեկությունները տրամադրել օրենքով սահմանված ժամկետներում: Հարցվել են ավագանու 2014 և 2015 թվականների բոլոր որոշումները, համայնքի զարգացման քառամյա ծրագիրը, բյուջեի կատարողականի հաշվետվությունը, համայնքի ղեկավարի որոշումները, հաստատված հաստիքացուցակը և այլն: Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը և մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Արման Գևորգյանը, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ: Քննարկման ընթացքում ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը նախ ներկայացրեց ծրագիրը, այնուհետև անդրադարձավ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ ՏԻՄ օրենքով և <<Տեղեկատվության ազատության մասին>> օրենքով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների դիտարկման արդյունքներին: Լևոն Բարսեղյանը խոսեց նաև հետագա անելիքների մասին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: