Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

05.05.2016

  Մայիսի 4-ին Տավուշի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աշխատանքային այցը վարչապետն սկսել է Բագրատաշենի անցակետից: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ վարչապետը ծանոթացել է Բագրատաշենում կառուցվող մաքսակետի շինարարության ընթացքին, շրջել կառույցի մասնաշենքերում, զրուցել պատասխանատուների ու շինարարների հետ: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենից վարչապետն ուղևորվել է Զորական, ացելել օրերս թշնամու գնդակից զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքին, իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհված զինծառայողի հարազատներին: Վարչապետի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքն էր, որտեղ նախապես ծրագրված բացօթյա հանդիպումը հորդառատ անձրևի պատճառով տեղափոխվել էր մշակույթի տուն: Մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում վարչապետ Հովիկ Աբրահամյանը անմիջական զրույց է ունեցել նոյեմբերյանցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետին է ներկայացրել նոյեմբերյանցիների թիվ մեկ խնդրանքը, այն է՝ Նոյեմբերյան քաղաքը նույնպես ընդգրկել սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը քաղաքի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Իսկ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը վարչապետի աջակցությունն է խնդրել Նոյեմբերյան-Իջևան շրջանցիկ ճանապարհի բարեկարգման հարցում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները եղել և շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, և պետությունն իրականացնելու է ինչպես սոցիալական խնդիրների լուծմանը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ բնակիչների մտահոգություններին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը և պատրաստ է հակառակորդի հնարավոր ագրեսիայի դեպքում արժանի հակահարված հասցնել: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը կարևորել է ապրիլյան իրադարձությունների օրերին հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Վարչապետն այցելել է նաև Ոսկեվան և Կոթի համայնքներ, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են ճանապարհների, ուսումնական հաստատությունների վերանորոգմանը, գազատարի ներքին ցանցի կառուցմանը և այլն: Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Դիլիջան քաղաքում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Վոլոդյա Ալիխանյանի ընտանիքի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47