Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ գրականության բաց դաս թիվ 4 հիմնական դպրոցում

27.04.2016

  Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ուսումնական տարվա գարնանը, հիմնականում մարտ-ապրիլ ամիսներին, բոլոր դասարաններում անցկացնել բաց դասեր և խրախուսել լավագույն ուսուցիչներին: Այսօր դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց տարվա վերջին բաց դասը հայ գրականություն առարկայից: Դասը վարեց ուսուցչուհի Գոհար Մկրտումյանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը, դպրոցի ուսուցիչներ, գործընկերներ այլ դպրոցներից: Դասի թեման Միսաք Մեծարենցի կյանքն ու ստեղծագործությունն էր: Դասին ներկա էին դասարանի բոլոր 17 աշակերտները: Դասասենյակը կահավորված էր թեմային համահունչ: Ուսուցչուհին համակարգչի միջոցով ներկայացրեց պոետի կյանքը` աշակերտների միջոցով բացահայտելով այն հիմնական գործոնները, որոնք նպաստել են բանաստեղծի ձևավորմանը: Այնուհետև անցում կատարվեց Մեծարենցի պոեզիային: Ուշագրավ էր աշակերտների ակտիվությունը: Բոլորը մասնակցեցին դասապրոցեսին: Ոչ մի աշակերտ դուրս չմնաց ուսուցչուհու տեսադաշտից: Այնուհետև իրենց ընտրությամբ երեխաները բաժանվեցին երեք խմբի` խմբային աշխատանք կատարելու համար: Յուրաքանչյուր խմբին տրվեց առանձին հանձնարարություն: Առաջին խումբը արևմտահայերենով տեքստը պետք է վերածեր արևելահայերենի, երկրորդ խումբը պետք է ներկայացներ ապաթարցի վերաբերյալ ունեցած գիտելիքները, երրորդ խմբի առաջադրանքը համանուններով նախադասություններ կազմելն էր: Երեխաները մեծ ոգևորությամբ ու արագությամբ կատարեցին իրենց առաջադրանքները: Փորձառու ուսուցչուհին դասն էլ ավելի հետաքրքիր դարձնելու յուրօրինակ միջոցների էր դիմել: Կարմիր ծաղկի պատկերով նկար էր փակցված գրատախտակին, որի թերթիկների վրա յուրաքանչյուր աշակերտ գրեց Մեծարենցի հոգու հատկանիշներից մեկը, որից հետո ամբողջ դասարանը ուսուցչուհու հետ կատարեց <<Կարմիր ծաղիկ մը գարունի>> երգը: Հետաքրքիր էր նաև 17 աստղեր պատկերող պաստառը, որի յուրաքանչյուր աստղի վրա ամեն աշակերտ գրեց իր երազանքը. գրեթե բոլորի ցանկությունները կապված էին մեր երկրի սահմանների խաղաղության, զինվորների բարի վերադարձի ու մեր ժողովրդի երջանիկ կյանքի հետ: Դասն ավարտվեց` մեծ բավականություն ու հաճելի տպավորություններ պարգևելով ներկաներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16