Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերյանում անցկացվեց Տավուշի մարզի մեծահասակների շախմատի մարզային առաջնությունը
25.04.2016

Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Նոյեմբերյանի քաղաքապետարանի աջակցությամբ ապրիլի 21-23-ը Նոյեմբերյանում անց է կացվել Տավուշի մարզի մեծահասակների շախմատի մարզային առաջնությունը: Մրցումների մարզային փուլին նախորդել է քաղաքային փուլը, որը հաջողությամբ հաղթահարել են Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի 14 շախմատիստներ և իրավունք նվաճել մասնակցելու մարզային փուլին: Ինչ վերաբերում է Դիլիջան քաղաքին, շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանի տեղեկացմամբ Դիլիջանում քաղաքային առաջնություն չի կազմակերպվել, որի պատճառով էլ մարզային փուլի համար մասնակիցներ չեն ունեցել: Մարզային առաջնությունն անցել է կազմակերպված ու բարձր մակարդակով: Շախմատիստներին ողջունել և հաջողություն է մաղթել Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Եռօրյա լարված պայքարի արդյունքում մարզային փուլի 1-ին տեղի հաղթող է ճանաչվել Հայկ Երեմյանը Բերդ քաղաքից, 2-րդ տեղում Նոյեմբերյանը ներկայացնող Եղիշե Ավագյանն էր, 3-րդ տեղում` Իջևանի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը: Հաղթողները պարգևատրվել են համապատասխան դիպլոմներով և մեդալներով: 1-ին և 2-րդ տեղեր գրաված շախմատիստները իրավունք են ձեռք բերել մասնակցելու Ջերմուկ քաղաքում կայանալիք տղամարդկանց շախմատի Հայաստանի կիսաեզրափակիչ առաջնությանը: