Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այգեհովիտում տեղի ունեցավ հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն
19.04.2016
Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում հաճելի իրադարձություն էր. գյուղում տեղի ունեցավ հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն:Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, բարերարներ Պինո Չիաչիոն, Մարտին և Ջեսիկա Բլումերները, Մայք և Ռոնի Բարոնյաները, բազմաթիվ հյուրեր, գյուղի մեծ ու փոքր բնակչությունը: Մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է <<Օգնենք Հայաստանին>> շվեյցարական ֆոնդի միջոցներով` պահանջվող սանիտարական բոլոր նորմերին համապատասխան: Իրականացվել են նաև բակի ու խաղահրապարակի բարեկարգման աշխատանքներ: Մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Բադամյանի տեղեկացմամբ այսօր սահմանամերձ համայնքի մանկապարտեզ է հաճախում 3-6 տարեկան 93 երեխա: Ներկայումս այստեղ գործում է 3 խումբ, սակայն բոլոր պայմանները կան և շուտով կբացվի նաևւ նաև 4-րդ խումբը: Մուտքի կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը շրջում են մանկապարտեզում, որտեղ ստեղծված են ժամանակակից բոլոր պայմանները երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպելու համար: Ամեն ինչ այստեղ գունեղ է ու աչք շոյող: Պատերը նկարազարդված են երեխաների համար հետաքրքրություն ներկայացնող գեղեցիկ պատկերներով, որն իրականացրել է այգեհովտցի երիտասարդ նկարչուհի Իրինա Ամիրյանը: Արարողությանը առանձնակի հմայք հաղորդեցին մանկապարտեզի սաների աշխույժ ելույթները: