Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

07.04.2016

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը    Իջևանում մասնակցեցին  ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիայի բացմանը:  Ներկա էին  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանսբ Բրուքսը:
«Հայաստանի Հանրապետությունը բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր` շարունակաբար և հետևողականորեն զարգացնում է հանրային առողջապահական կարողությունները: Այսօր աշխարհի մեծաթիվ երկրների համար օրակարգային են էկոլոգիական ռիսկերը, արտակարգ իրավիճակները, վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ և նորահայտ վարակիչ հիվանդությունները, համաճարակաբանության երկրամասային տեղաշարժերը և այլ գործոններ»,-բացման մասնակիցներին ասաց Արմեն Մուրադյանը` այս համատեքստում կարևորելով լաբորատոր համակարգի դերը, միջազգային ժամանակակից մոտեցումներին համահունչ դրա զարգացման միտումները:
«Ես վստահ եմ, որ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիան, հարմարավետ պայմաններն աշխատանքային նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն կենտրոնի մասնագետներին»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` բոլորի անունից շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությանը արդյունավետ համագործակցության համար:
Դեսպան Ռիչարդ Մ. Միլսը նշելով, որ այս ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է` շեշտեց, որ Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ-ի) կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինն է։
«Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»,-ընդգծեց դեսպանը:
Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Ռիչարդ Մ. Միլսը նշեց, որ կրակի դադարումը բոլորի կողմից ջերմությամբ է ընդունվել։ Իսկ տարածաշրջանային այս կենտրոնի բացումը կարևոր է որպես երկու բարեկամ երկրի համագործակցություն։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գնահատմամբ` լաբորատորիայի բացումը կարևոր է նաև հանրային առողջապահական տեսանկյունից: Նրա խոսքով` նորակառույց այս կենտրոնը այսուհետև հնարավորություն կընձեռի հատկապես հատուկ վտանգավոր վարակներն ավելի արագ հետազոտել` ավելի բարձր որակով, ինչպես նաև ուղիղ կապ հաստատել կենտրոնական ռեֆերենս լաբորատորիայի հետ: Արտավազդ Վանյանը կարևորեց նաև ծրագրի շրջանակում իրականացված մանագետների վերապատրաստման գործընթացը, որը շարունակական է լինելու:
«Կարևոր է նաև, որ ներդրվում է հիվանդությունների էլեկտրոնային ինտեգրացված համակարգ, որը թույլ է տալիս սերտ աշխատանքներ իրականացնել այլ գերատեսչությունների հետ` արագ արձագանքելով յուրաքանչյուր հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությանը»,-մանրամասնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

 Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ երեկ հանդիպեց Իջևանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ:
  Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ Նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացումը, մարզային առողջապահական համակարգի արդիականացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: «Պետությունը մեծ աշխատանք է կատարում մարզային հիվանդանոցներն արդիականացնելու, բժշկական որակյալ ծառայությունները մարզի բնակչությանը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Իջևանի բժշկական կենտրոնը դրանցից մեկն է, և պետք է ջանքեր գործադրեք ստեղծված պայմանները նպատակին ծառայեցնելու համար»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը:  Նա կարևորեց մարզի առողջապահական կազմակերպությունների և մասնագետների հանդեպ վստահության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, ինչպես նաև որակյալ մասնագետների համար մարզում աշխատանքային գրավիչ պայմանների ապահովումը:   Արմեն Մուրադյանը խոսեց նաև մասնագիտական շարունակական զարգացման մասին` տեղեկացնելով, որ Հայաստանի առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում:
 Նորանշանակ տնօրեն Ռուզան Գրիգորյանը ներկայացրեց Իջևանի բժշկական կենտրոնի զարգացման համար նախանշվող աշխատանքները: Անդրադարձ կատարվեց կենտրոնում ծառայությունների ծավալների ու դրանց որակի, մասնագիտական ներուժի ապահովման, բժիշկների վերապատրաստմանը վերաբերող հարցերին:

 

ՀՀ առողջապահության նախարարություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09