Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ներառական կրթության թեմայով

24.03.2016

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ,,Խոցելի երեխաների սոցիալական ներառում. երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ արտագնա հանդիպում: Վերոհիշյալ ծրագիրն իրականացնում է ,,Հույսի կամուրջ,, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ գործընկերությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր Տավուշի և Լոռու մարզերի գործընկերներին ներկայացնել ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում կատարած աշխատանքները, ինչպես նաև պլանավորել առաջիկայում Լոռու մարզում իրականացվելիք ծրագրերը:
Տավուշի մարզպետարանից հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը: Հանդես գալով բացման խոսքով՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ողջունեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց: Լևոն Սարգսյանը կարևորեց ներառական կրթության գաղափարների ներդրումն ու զարգացումը կրթության ոլորտում, ինչպես նաև տնտեսության մեջ՝ ընդգծելով, որ այն խթան կհանդիսանա առանձնահտուկ կարիքներ ունեցող մարդկանց զբաղվածության խնդրի լուծման համար:
-Ներառական կրթությունն առաջինը ներդրվել է Տավուշի մարզում: Չունենալով փորձ՝ այդ ընթացքում մենք նաև սովորել ենք և առաջացած խնդիրները կարողացել ենք հաղթահարել թիմով: Պատրաստ ենք Լոռու և Սյունիքի մարզի մեր գործընկերներին փոխանցել ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները,- նշեց Լևոն Սարգսյանը: Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին, մասնավորապես ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությանն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև մասնակից դոնոր կազմակերպություններին՝ ԱՄՆ ՄԶԳ-ին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին աջակցության համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը:
,,ՀՀ Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման փորձը, ուսուցիչների կարողությունների, աջակցության համակարգերի և մասնագետների հետ կապված խնդիրներն ու հաղթահարման ուղիները,, թեմայով զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա անդրադարձ կատարեց մարզում ներառական կրթության ներդրման ակունքներին, երբ մարզի բոլոր տարածաշրջաններում հիմնվեցին ,,Հույսի կամուրջի,, կենտրոնները, որոնցում հաշվառված հաշմանդամ երեխաների թիվը հասնում էր 405-ի: Վարչության պետի ներկայացմամբ ներառական կրթության գաղափարների իրականացումը առավել իրական է դառնում, երբ 2005 թվականին ընդունվում է <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>> ՀՀ օրենքը: Օրենքում ներառական կրթությունն ամրագրված էր որպես կրթության կազմակերպման ձև: Հաշմանդամ երեխաների կրթական խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրերից մեկը <<Ներառական կրթության կարողությունների զարգացումը>> ծրագրի մեկնարկն էր Տավուշի մարզում: Իսկ սկսած 2006 թվականից Տավուշի մարզում ներառական կրթությունը սկսվում է իրականացվել 4 դպրոցներում՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: 2009-ից արդեն ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Տավուշի մարզպետարանի, <<Առաքելություն Արևելք>> միջազգային բարեգործական կազմակերպության և <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով փորձարկվեց համընդհանուր ներառական կրթության համակարգը, որով սկիզբ դրվեց ներառական կրթության իրականացման աշխատանքներին մարզի բոլոր համայնքների դպրոցներում: Կարեն Նազարյանն ըստ օրինակների ներկայացրեց նաև ծրագրի իրականացումից ստացված արդյունքները, հաջողված օրինակները և դեռևս առկա խնդիրները:
Հանդիպման ընթացքում հնչեցին նաև այլ զեկուցումներ, տեղի ունեցան քննարկումներ, կատարվեցին գործնական աշխատանքներ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05