Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

18.03.2016

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նախարարը հանդիպումներ անցկացրեց Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ և Նոյեմբերյան համայնքներում: Այցի աշխատանքներին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Տիրատուրյանը և ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մարզային ներկայացուցիչը: Յուրաքանչյուր համայնքում տվյալ համայնքի ղեկավարը ներկայացնում էր համայնքի բյուջեն, դրա կատարման ընթացքը: Նախարարին առաջին հերթին հետաքրքրում էին բնակչության կողմից այսօր առաջադրվող հիմնական խնդիրները, որոնք, իհարկե, վերաբերում են աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության ապահովմանը: Նախարարն ընդգծեց, որ պետության այսուհետ որդեգրած քաղաքականության հիմքում համայնքների տնտեսությունների զարգացման գաղափարն է: Այս հանդիպումների նպատակն է քննարկել, թե տնտեսության որ ճյուղն է նպատակահարմար զարգացնել տվյալ տարածաշրջանում: Նախարարը տեղեկացրեց, որ այցից անմիջապես հետո մարզպետարանն ու նախարարությունը միասին աշխատանքային խումբ կստեղծեն, որը կուսումնասիրի և մասնագիտական մոտեցումներ կապահովի խնդրի վերաբերյալ: Մարզպետ Հովիկ Աբովյանը հավելեց, որ մարզի գյուղական համայնքներում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ուստի նպատակահարմար է փոքրիկ վերամշակող արտադրությունների, սառնարանային տնտեսությունների, ընդումնան կետերի հիմնումը: Քննարկվեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի շրջանակներում որոշակի աշխատանքներ կատարելու վերաբերյալ հարցեր:
Ջուջևան համայնքում արդեն գործում է ,,Հայմթերք,, պահածոների արտադրությունը, որի արտադրանքը գրեթե ամբողջովին արտահանվում է Գերմանիայի Դաշնություն: Առավել մեծ ծավալների պահանջարկ կա, սակայն ընկերությունն այն չի կարողանում ապահովել, քանի որ հնարավորություններ չունի: Նախարար Լոքյանը նշեց, որ նորերը հիմնելուց զատ պետք է աջակցել նաև նման ձեռնարկություններին` եղած արտադրական հզորությունները մեծացնելու նպատակով: Բերդավան համայնքում նախարարն առաջարկեց հիմնել տեխնոլոգիապես նոր չրանոցներ, քանի որ այստեղ ավանդաբար մեծ քանակությամբ խաղող և դեղձ է արտադրվում, սակայն վերամշակման խնդիր է լինում: Նոյեմբերյանի քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, նշելով հանդիպման հիմնական նպատակը, ասաց, որ պետությունն այսօր որդեգրել է արժեք ներկայացնող արտադրությունների հիմնման ճանապարհով համայնքների տնտեսությունն ուժեղացնելու քաղաքականություն: Նախարարի խոսքով, չբավարարվելով միայն ենթակառուցվածքների զարգացմամբ, պետք է յուրաքանչյուր տարածքին բնորոշ արտադրությունների ստեղծման կամ եղածների հզորացման միջոցով ավելացնել համայնքի եկամուտները:
-Շուտով ընդունվելու է ,,Հայաստանի 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն,, փաստաթուղթը, որին հաջորդելու է աշխատանքային պլանը: Այն արդեն պետք է կազմված լինի տեղերից եկող առաջարկների հիման վրա: Մեր համատեղ աշխատանքը նաև պետք է ուղղված լինի այս խնդրի լուծմանը, - նշեց նախարարը:    

    Նախարար Դավիթ Լոքյանը հանդիպումներ ունեցավ և խորհրդակցություն անցկացրեց նաև Դիլիջան քաղաքում: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին խոշորացված համայնքներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: ,,Մեր խնդիրը պետք է դառնա այս ամբողջը համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով փորձելու ենք  ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը,,-ասաց նախարարը՝ առաջարկելով Դիլիջան համայնքի ղեկավարին,խոշորացված բնակավայրերի ներկայացուցիչների հետ արդյունավետ ծրագրեր ներկայացնել: Նախարարը հավաստիացրեց, որ ծրագրերի կազմման և իրականացման գործում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57