Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

01.03.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրին համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, ոլորտը ներկայացնող հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ: Ինչպես իր խոսքում նշեց մարզպետ Հովիկ Աբովյանը, սա ավանդական հանդիպումներից մեկն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ: Նա ընդգծեց, որ կարևորվում են նման այցերը, քանի որ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն բավականին դրական արդյունքներ են գրանցվել: Նախարար Սերգո Կարապետյանը նույնպես նշեց, որ հանդիպումը նպատակ ունի վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խանգարել գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը: Ընդհանուր առմամբ նախորդ գյուղատնտեսական տարին ինչպես հանրապետությունում, այնպես էլ Տավուշի մարզում բարեհաջող էր: Նախարարի խոսքով, վերջին 2 տարվա ընթացքում մարզում 1000-ական հա լրացուցիչ ցանք է կատարվել, որը մեծ ձեռքբերում է մարզի համար, և մշակվող հողերի ծավալը կազմում է 65 տոկոս: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր միջոցներով աջակցելու են գյուղացուն, որպեսզի նրանք առավել շատ հողատարածություններ մշակեն, արդյունք ստանան և որ ամենակարևորն է՝ մարդիկ եկամուտների աճ ունենան: Ձեռքբերումներ ունենք նաև անասնապահության ոլորտում: 2011 թվականից մարզում իրականացվում է <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագիրը, որի շրջանակում 5 տարվա ընթացքում Տավուշի մարզում կատարվել են 720 մլն. դրամի աշխատանքներ: Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են եղել 13 համայնք, որոնցում ստեղծվել են կոոպերատիվներ, կառուցվել է 7,5 կմ ջրագիծ, տեղադրվել է 29 խմոց, կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր տեխնիկա: Գործընթացը շարունակական է, անցյալ տարվանից արդեն մեկնարկել է 2-րդ ծրագիրը, որում Տավուշի մարզից ներգրավված է 12 համայնք: Սակայն, ինչպես տեղեկացրեց նախարարը, եթե կան էլի համայնքեր, որոնք ցանկություն կունենան նույնպես մասնակցել ծրագրին, կարող են հայտ ներկայացնել: Ի տարբերություն առաջին ծրագրի, այս փուլում գումարներ են նախատեսված նաև վերամշակման փոքրիկ արտադրությունների հիմնման համար:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կլիմայական պայմաններն այնպիսին են, որ գյուղատնտեսական տարին առաջ է, և աշխատանքները պետք է սկսել, պետությունը պատրաստ է արդեն գյուղացիներին ապահովելու սերմացուով, պարարտանյութով և դիզվառելիքով: Այս տարի նույնպես գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն սուբսիդավորվող վարկեր:
Մարզպետարանում կայացած հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի համար գյուղատնտեսության նախարարության Ոսկե մեդալներ հանձնեց Վերին Ծաղկավանի և Նորաշենի համայնքների ղեկավարներ Արթուր Ղազարյանին ու Գոռ Աբրահամյանին և շնորհակալգրեր՝ մի շարք գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների:
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ ունեցան նաև Սարիգյուղ և Կողբ համայնքներում: Հանդիպումներին ներկա էին համայնքների բնակիչներ և արոտօգտագործողների կոոպերատիվների անդամները: Քննարկվեցին կոոպերատիվների գործունեության հարցեր: Ի թիվս այլ հարցերի համայնքներում բարձրացվեցին կաթի վերամշակման կետի ստեղծման և կոմբայնի ձեռք բերման խնդիրներ, ինչին ի պատասխան մարզպետը և նախարարը տեղեկացրին, որ բոլոր հարցերը կքննարկվեն և հնարավորության դեպքում համայնքները կստանան համապատասխան աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59