Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվանակոչություն զոհված զինծառայողի հիշատակին

22.02.2016

   Փետրվարի 19-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիսավոր միջոցառում էր: Դպրոցում տեղի ունեցավ կրթօջախի նախկին սան, արցախյան ազատամարտում նահատակված Մելիք Օքմինյանի անունով դասարանի անվանակոչության արարողություն: Անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհվածի ծնողներն ու հարազատներ, հյուրեր: Մելիք Օքմինյանի հիշատակին անվանակոչված դասարանում էլ տեղի ունեցավ միջոցառումը: Հերոսի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը ներկայացրեց դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանը: Մելիքը ծնվել է 1974-ին: Ավարտել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1993-ի մայիսին էր զորակոչվել բանակ: Ծառայության մեջ էր, երբ 1994-ին մասնակցեց Հորադուզի համար մղված թեժ մարտերին և հերոսաբար կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Տնօրենն ասաց, որ նորաստեղծ դասարանում այսուհետ կսովորեն դպրոցում լավագույնը ճանաչված դասարանի աշակերտները: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Խաչիկ Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հերոսի մորը նման լավ զավակ, քաղաքացի ու որդի դաստիարակելու համար, ով գիտակցաբար զոհվեց հանուն հայրենիքի: Իսկ նման միջոցառումները անչափ կարևոր են, քանզի Մելիքի ու նրա նման հերոսների օրինակով պետք է դաստիարակվի այսօրվա սերունդն ու կերտի մեր վաղվա օրը: Իսկ դպրոցի ուսուցիչ Սլավիկ Առաքելյանը Մելիքին հիշեց որպես անսահման համեստ, շրջապատի կողմից հարգված ու սիրված, ընկերներին նվիրված անձնավորության: Զոհվածի ընկերների անունից սրտի խոսք ասաց Կամո Եգանյանը և դասարանին հեռուստացույց նվիրեց: Իսկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից Պատվո մեդալ հանձնեց հերոսի մորը` Թամարա Մամիկոնյանին: Միջոցառումը եզրափակվեց բանակին ու հայ զինվորին նվիրված համերգային գեղեցիկ ծրագրով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36