Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և բջջային հեռախոսներով

12.02.2016

 Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցան Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մասին հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթողների ու նրանց ուսուցիչների հետ: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Տեղեկացնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերպել էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման վերաբերյալ շարադրությունների մրցույթ: Մրցույթին մասնակցել են Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում քաղաքների և Կողբի երկու հանրակրթական դպրոցների աշակերտները: Շարադրությունների մրցույթի նպատակն էր բարձրացնել Կարմիր խաչի վերաբերյալ դպրոցականների իրազեկվածությունը և տարածել կազմակերպության մարդասիրական գաղափարներն ու հիմնարար սկզբունքները դպրոցականների շրջանում: Կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել երեք շարադրություն հետևյալ անվանակարգերում` թեման լավագույնս բացահայտելու համար, լավագույն շարադրանքի համար և մարդասիրության սկզբունքը լավագույնս ներկայացնելու համար: Թեման լավագույնս բացահայտելու համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիանա Աբովյանը, ուսուցիչը` Հայկուշ Ալեքսանյան: Լավագույն շարադրանք անվանակարգում հաղթել է Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտ Հրաչ Գուլակյանը, ուսուցիչը` Գոհար Մկրտումյան: Մարդասիրության սկզբունքը լավագույնս ներկայացնելու համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 5 դպրոցի սան Ագապի Ղալթախչյանը, ուսուցիչը` Անահիտ Ճաղարյան: Հաղթողներին ողջունեց ու շնորհավորեց Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը: Նա բարձր գնահատեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությունը ծրագրի իրականացման գործում, ինչպես նաև ուսուցիչների աշխատանքը, նշեց, որ իրենց ստեղծագործություններում երեխաները շատ հետաքրքիր ու նուրբ դիտարկումներ են կատարել: Շնորհավորելով հաղթողներին` Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հաջողված համարեց ծրագիրը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: Երեխաներին շնորհավորեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի <<Պատվիրակություն Հայաստանում>> կազմակերպության համագործակցության ծրագրերի ղեկավար Դավիթ Շահվերդյանը և կազմակերպության մարզային մասնաճյուղի տնօրեն Վաչիկ Սարիբեկյանը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և բջջային հեռախոսներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36