Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ
27.01.2016

Սիրելի տավուշցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հունվարի 28-ը հայ ժողովրդի համար հայկական տոնացույցի ամենակարևոր և բաղձալի տոներից մեկն է: Սա տոն է, որ հպարտությամբ նշում են թե Հայաստանում և թե սփյուռքում: Մեր բանակն այլևս կայացած է, թեև դժվարին ու ծանր է եղել բանակաշինության ճանապարհը: Մեր բանակը, տակավին նորածին, ստիպված եղավ հաղթահարելու ծանրագույն փորձություններ, սակայն իր նվիրյալ զավակների շնորհիվ, դժվարին քննությանը դիմանալով, այսօր իր գոյության 3-րդ տասնամյակ է ոտք դրել: Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի օրվա առթիվ ուզում եմ առանձնակի շնորհավորել Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի զինծառայողների և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորների ու սպաների տոնը: Փառք ու պատիվ նրանց բոլորին, ովքեր գիշեր ու զօր մեր սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն են պաշտպանում: Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս փառապանծ տոնի` Հայոց բանակի օրվա առթիվ, քաջառողջություն, ուժ, եռանդ ու կորով, բարձր մարտունակություն եմ մաղթում հայ զինվորին` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի: