Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության արդյունքները ներկայացրին մարզի փրկարարները

20.01.2016

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2015 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ոլորտի պատասխանատուներ: Բացելով խորհրդակցությունը` ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց սահմանամերձ մարզում ուժեղ ծառայություն ունենալու անհրաժեշտությունը: Այնուհետև հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Վահան Փիրումյանը: Զեկուցողը մանրամասն ներկայացրեց 2015 թվականի աշխատանքային տարվա արդյունքները, անդրադարձավ նաև ոլորտի խնդիրներին: Տեղեկացվեց, որ 2015թ. ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ,,911,, տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 19653 զանգ, որից 506-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ: Գրանցված դեպքերից 366-ը տեխնածին են, որի 72,7 տոկոսը կամ 266-ը հրդեհի դեպքեր են, 20-ը՝ տարերային, իսկ 120-ը՝ սոցիալ-կենցաղային: Հաշվետու զեկուցման մեջ անդրադարձ կատարվեց նաև բնակչության պաշտպանությանը համակարգի օպերատիվ նախապատրաստությանն ուղղված տարվա ընթացքում անցկացված տարբեր ուսումնավարժություններին: Մասնավորապես քննարկվեցին 2015-ի աշնանը ,,Շանթ-2015,, ռազմավարական հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները:
 2015 թվականի կատարած աշխատանքները ներկայացրին նաև մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Արմեն Համբարձումյանը և հիդրոօդերևութաբանական ծառայության պետ Եղյա Սայադյանը: Իսկ սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը սլայդների միջոցով ներկայացրեց մարզի սեյսմիկ ռիսկերի քարտեզները: Տեխնիկական անվտանգության Տավուշի մարզային փորձաքննական բաժանմունքի պետ Գևորգ Խուդավերդյանը զեկուցեց 2015 թվականի ընթացքում իրականացրած տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքները: Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների 2015 թվականի գործունեության արդյունքների գնահատմամբ հանդես եկան գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Գեներալը դրական գնահատեց հաշվետու տարում մարզի փրկարարների կատարած աշխատանքը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, համայնքների, մարզի պետական կառույցների ղեկավարներին համագործակցված աշխատանքի համար, ինչը հատկապես դրսևորվեց Շանթ-2015-ի շրջանակներում: Խորհրդակցությունն ամփոփեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա հայտնեց, որ մեծ և ծավալուն աշխատանք է կատարվել և որ համակարգված աշխատանքը միշտ ունենում է իր դրական արդյունքները, շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ազգային անվտանգության ու ոստիկանության մարզային ու տարածքային մարմիններին աջակցության ու համատեղ աշխատանքի համար: Մարզպետը նաև շեշտեց, որ դեռ կան խնդիրներ, որոնք համընդհանուր են և որոնց համար համակարգված մոտեցումներ են պետք, հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում դրանք նույնպես լուծում կստանան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18