Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ
30.12.2015

Սիրելի տավուշցիներ
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Ինչպես գիտեք, ավանդույթի համաձայն, նոր տարվա նախաշեմին ի մի ենք բերում անցած բոլոր իրադարձությունները, կողք կողքի դնում, համադրում արվածն ու չարվածը, նոր ծրագրեր նախանշում գալիքի համար: Ասեմ, որ 2015 թվականը բավականին բովանդակալից տարի էր: 2014 թվականին հիմք դրվեց կարևորագույն մի ծրագրի. ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություններ սահմանվեցին սահմանամերձ 24 համայնքների համար: Անցնող տարում մենք արդեն այդ արտոնությունների շնորհիվ արձանագրեցինք առաջին դրական արդյունքները, և 2015 թվականի կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում Չորաթան համայնքում ,,Տավուշ-տեքստիլի,, բացումը: Առաջիկա տարիներին ձեռնարկությունը կընդլայնի արտադրական ծավալները՝ ապահովելով մարզում 2000 աշխատատեղ: Տարին բարեհաջող էր հատկապես գյուղատնտեսության համար: 2015 թվականին բոլոր մշակաբույսերի գծով արձանագրվել է համախառն բերքի աճ: Այս տարի պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների ծրագրերով մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր ամենատարբեր ոլորտներում, որոնց իրականացման աշխատանքները կընթանան նաև գալիք տարվա ընթացքում: Սակայն պետք է ասեմ նաև, որ ձեռքբերումների կողքին դեռևս ունենք լուծման կարիք ունեցող շատ խնդիրներ, հատկապես պայմանավորված մարզի սահմանամերձ լինելու հանգամանքով, որոնք գտնվում են պետության ու մարզի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: Բայց ես նաև վստահ եմ, որ մենք Ձեզ հետ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել հաջողությունների, եթե միայն դրսևորենք մեծ կամք ու հավատ ապագայի հանդեպ ու աշխատենք:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ նաև մեր սահմանն ամուր պահող զինվորների ամանորը, ովքեր, անկախ ամեն ինչից, այսօր մարտական հերթափոխի են կանգնած: Շնորհավորում եմ այն բոլոր մայրերի ամանորը, ում զավակները զինվորական ծառայության մեջ են: Բարի ու խաղաղ ծառայություն նրանց:
Սիրելի տավուշցիներ, թող 2016 թվականը լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի ու տնտեսական առաջընթացի տարի, երջանկություն ու բարիք բերի բոլորիս ընտանիքներին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: