Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին
17.12.2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝ գումարը կհատկացվի մարզի ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվում է Հանրապետության Նախագահի հանձնարարականով: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ IFAD-ն իրականացնում է սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիրը, և համայնքները չունեն համաֆինանսավորման համար այդ 10 տոկոսը վճարելու հնարավորություն: «Այդ ծրագիրը իրականացնելու, ավարտելու համար մենք այդ 130 մլն դրամը հատկացնում ենք սահմանապահ համայնքներին»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
gov.am