Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած աշխատանքները Տավուշի մարզում

03.12.2015

  Դեկտեմբերի 2-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հանդիպում ունեցավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոյի և Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի պաշտպանության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանի հետ: Կարմիր խաչի ներկայացուցիչների այցելության նպատակն էր ներկայացնել ինչպես 2015 թվականին միջազգային կազմակերպության կողմից Տավուշի մարզում իրականացված աշխատանքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը: Ներկայացվեց, որ աջակցության ծրագրերի շրջանակում Կարմիր խաչը մի շարք աշխատանքներ է իրականացրել ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: Ընթացիկ տարում խմելու ջրագծեր են անցկացվել Կոթի, Դովեղ, Բաղանիս, Բերքաբեր գյուղերում: Ընթացքի մեջ են սահմանամերձ 11 համայնքում երեխաների համար անվտանգության սենյակների ստեղծման աշխատանքները: Մինչև տարեվերջ կստեղծվի այդպիսի 13 սենյակ: Չինարիում երեքն արդեն ստեղծվել է` մեկը դպրոցում, մեկը` մանկապարտեզում, երրորդը` մշակույթի տանը: Ոսկեպարում, Ոսկեվանում և Բաղանիսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Արմեն Քարամյանը տեղեկեցրեց, որ Կարմիր խաչի նախաձեռնությամբ նախատեսվում է մարզի սահմանամերձ 16 գյուղերի դպրոցներում կազմակերպել դասընթացներ ականների հետ վարվելու և հրետակոծությունների ժամանակ պաշտպանվելու կանոնների վերաբերյալ: Այդ նպատակով վերապատրաստվել են 10 կամավոր և ականազերծման կենտրոնի 2 մասնագետ: Դասընթացների ժամանակ և դպրոցների աշակերտներին, և գյուղերի բնակիչներին կբաժանվեն համապատասխան տպագիր նյութեր: Ծրագիրը կիրականացվի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս: Մարզպետի տեղակալը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի ներկայացուցիչներին Տավուշի մարզում  իրականացրած գործունեության համար և հավաստիացրեց, որ մարզպետի կողմից կցուցաբերվի համապատասխան աջակցություն համագործակցության շարունակականությունն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06