Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի օր Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում

26.11.2015

  Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում կայացավ միջոցառում` նվիրված Իսկանդար Բարսեղի Էլլարյանի հիշատակին: Առիթը երկարամյա կուսակցական գործչի, լրագրողի, պատմաբանի ու հրապարակախոսի, հայրենասեր մարդու 100-ամյա հոբելյանն էր: Հավաքվել էին Իսկանդար Էլլարյանի հարազատները, նրան ճանաչողները, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները՝ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի ղեկավարությամբ, համագյուղացիները՝ գյուղապետ Կոմիտաս Էլլարյանի գլխավորությամբ: Օրն սկսվեց հիշատակի արարողությամբ. ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խունկ ծխեցրին մեծ երախտավորի հիշատակին, ապա տեղափոխվեցին դպրոցի դահլիճ, որտեղ արդեն կայացավ հանդիսավոր արարողությունը: Իսկանդար Էլլարյանի դուստրը՝ Մարիցա Էլլարյանը, ներկայացրեց հոր ինքնակենսագրությունը՝ գրված նրա կողմից մահից ընդամենը 3 տարի առաջ: Բովանդակալից ճանապարհ է անցել Իսկանդար Էլլարյանը, դառն, անհայր մանկություն է ունեցել, ծանր օրեր է ապրել: Սակայն լինելով ուսումնատենչ ու հայրենասեր մարդ, ձգտել, սովորել ու ազնվաբար ծառայել է իր երկրին՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀԿԿ Իջևանի շրջկոմում, Իջևանի շրջսովետում, իսկ 1969 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության հանրապետական խորհրդի նախագահի տեղակալը: Իսկանդար Էլլարյանը նաև լրագրողի հարուստ կենսագրություն ունի. խմբագրել է Իջևանի շրջանի ,,Հարվածային կոլխոզնիկ,, թերթը, եղել է ,,Կոմունիստ,, թերթի թղթակիցը: 1960 թվականից ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր: Իսկանդար Էլլարյանը գրեթե մեկ տասնյակ գրքերի հեղինակ է, որոնք մինչև հիմա համարվում են ուսումնական ձեռնարկներ և իր ժամանակաշրջանի պատմության փոխանցողներ: Միքայել Հարությունյանը, որ Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության այժմյան նախագահն է, ներկայացրեց Իսկանդար Էլլարյանի գործունեությունն ու դերը մշակութային արժեքների պահպանման գործում: Ներկայացրեց որպես ականատես, ով երիտասարդ հասակում բախտ է ունեցել աշխատելու նաև Իսկանդար Էլլարյանի հետ: Գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը հիշեց Իսկանդար Էլլարյանին որպես հայրենասեր, բանիմաց, գործի նվիրյալ մարդու և դրվագներ պատմեց նրա հետ տեղի ունեցած հանդիպումներից: Սարիգյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Փաշինյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը դպրոցներում, քանի որ Իսկանդար Էլլարյանի նման մարդկանց կյանքն ու կենսագրությունը բաց դաս և ուսանելի օրինակ է աշակերտների համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05