Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթողները մասնակցել են ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին
23.11.2015

Նոյեմբերի 19-ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյա և Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյա հոբելյաններին: Տավուշի մարզից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել մրցույթի մարզային փուլի 11-14 տարիքային խմբում հաղթողներ ճանաչված` Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մուսայելյանը, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցից Եսթեր Նահապետյանը, Կիրանցի հիմնական դպրոցից Միլենա Բաբինյանը, իսկ 15-17 տարիքային խմբում՝ Ասպրամ Փարսադանյանը Բերդավանի միջնակարգ դպրոցից, Ալիկ Գյուրջինյանը Չինչինի միջնակարգ դպրոցից, Դիանա Մկրտչյանը Դիլիջանի ավագ դպրոցից և Աննա Դավթյանը` Սևքարի միջնակարգ դպրոցից: Նրանցից Լիլիթ Մուսայելյանը, Ալիկ Գյուրջինյանը և Եսթեր Նահապետյանը հաղթողների ցուցակում էին և նոյեմբերի 20-ին մասնակցեցին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած` ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին և պարգևատրվեցին բջջային հեռախոսներով և արժեքավոր գրականությամբ: Նշենք, որ արդեն ավանդական դարձած փառատոնին այս տարի մասնակցել են Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի 220 հազար դպրոցականներ: