Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն <<Տավուշ>> բժշկական կենտրոնում
19.11.2015

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին Դիլիջանի <<Տավուշ>> բժշկական կենտրոնի հիվանդանոցում կատարվել է հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն: Քաղաքացի Հ.Բ.-ն, ավտովթարի ենթարկվելով, ծանր վիճակում շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է <<Տավուշ>> բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոն, որտեղ կատարվել են համակարգչային տոմոգրաֆիա և այլ անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտություններ: Ախտորոշվել է ստոծանու պատռվածք, ստամոքսի պրոլապս (անցում) առաջային միջնորմ, փայծաղի վնասվածք, աջ պարանեֆրալ շրջանի հեմատոմա, ներքին արյունահոսություն, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նույն օրը հիվանդը <<Տավուշ>> բժշկական կենտրոնի հիվանդանոցում վիրահատվել է կյանքի ցուցումներով: Վիրահատությունը, որ տևել է մոտ 3,5 ժամ, կատարել են բժիշկներ Ռուբեն Սիմոնյանը և Կարեն Բեգլարյանը, անզգայացումը՝ Սահակ Մկրտումյանը: Հիվանդի վիճակն այս պահին կայուն է: Նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: