Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծնողների ու հարազատների հետ հանդիպման էին եկել 4-րդ բանակային կորպուսում ծառայող տավուշցի ժամկետային զինծառայողները

20.10.2015


 Այսօր Տավուշի մարզպետարանում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում հերթական միջոցառումը տեղի ունեցավ, որը կազմակերպել էին ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսը, Տավուշի մարզպետարանը և Իջևանի քաղաքապետարանը: Իրենց հրամանատարի՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ, ծնողների ու հարազատների հետ հանդիպման էին եկել 4-րդ բանակային կորպուսում ծառայող տավուշցի ժամկետային զինծառայողները: Միջոցառմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանդիպումն սկսվեց ՀՀ օրհներգով, ապա օրհնանքի խոսք ասաց և աղոթք հնչեցրեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քահանա Թորգոմ Մարգարյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց բոլոր զիվորներին՝ մաղթելով նրանց բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն, մինչ որդիները տուն կդառնան: Մարզպետը կարևորեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձեռնարկած այս միջոցառումների ավանդական անցկացումը, նշեց, որ դրանք, իհարկե, առաջին հերթին ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, բայց նաև նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործին: Նախաձեռնության համար մարզպետը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը, անձամբ ՀՀ նախարար Սեյրան Օհանյանին: Զինծառայողներին մայրական ողջույնի խոսք ասաց Կայանի դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը: 4-րդ բանակային կորպուսի մասին ֆիլմի ցուցադրումից ու փոքրիկ երաժշտական ընդմիջումից հետո, որ կազմակերպվել էր Իջևանի երաժշտական դպրոցի ուժերով, հանդիսությունը շարունակվեց կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի խոսքով, ով բոլորին նախ ներկայացրեց իր անցած ուղին: Ծնունդով Տավուշի մարզի Չինարի գյուղից է հրամանատարը և մանկուց է որոշել դառնալ զինվորական՝ ոգևորվելով ու դաստիարակվելով իր պապերի՝ պատերազմի մասին պատմած հուշերով: 92-ին, հասկանալով, որ հայրենիքը ծանր դրության մեջ է և իր նման սպաների կարիքն ունի, Անդրանիկ Մակարյանը թողել է ռուսական զորքը և զինվորագրվել հայկական բանակին, որտեղ էլ մինչ այժմ ծառայում է, ինչի համար հպարտ է ու շնորհակալ: Հրամանատարը, դիմելով զինվորներին, նշեց որ նրանք ոչ միայն իրենց են ներկայացնում, այլ նաև զորամասը, որտեղ ծառայում են, շնորհակալություն հայտնեց ծնողներին, որ նրանց որդիները կարողանում են պատվով կատարել իրենց վրա դրված պարտականություններն ու նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին: 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, լավագույն զինվորներ դաստիարակելու համար, զինծառայողների ծնողներին շնորհակալագրեր հանձնել, իսկ որդիներին, որպես խրախուսանք, կարճաժամկետ արձակուրդ՝ նվազագույնը 7 օրով: Գեներալը շնորհակալագիր հանձնեց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին մարզում բանակ-հասարակություն կապի զարգացման և հայրենանվեր գործունեության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09