Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում

16.10.2015

 Պետական սահմանի ներկայումս կառուցվող Բագրատաշենի սահմանային անցման կետում հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ունեցավ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը:
Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը 30 մլն. եվրո է ստացել Եվրոպական ներդրումային բանկից, որը 12 միլիոնով լրացվում է Եվրոպական Հանձնաժողովի «Հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի կողմից և ևս 3 միլիոնով՝ ԵՄ Արևելյան գործընկերության կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը: Տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է բելգիական «ՍԱՖԵԺ Քոնսալթինգ Էնջինիրզ» ընկերությունը:
Բարձրաստիճան պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքների ընթացքին: Հյուրերն ընդգծեցին, որ իրենք հանձն են առել Հայաստանում հիմնել սահմանների համալիր կառավարման համակարգ, որը կհամապատասխանի միջազգային բարձրագույն չափանիշներին, ներառյալ ենթակառուցվածքը, իրավական և ընթացակարգային դաշտը: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայը մասնավորապես նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև փոխադրումների և ապրանքաշրջանառության արդյունավետ կառավարումը շատ կարևոր է ուղևորատար տրանսպորտի և փոխադարձ առևտրի համար: Այսօր ես անմիջականորեն ականատես եղա, թե ինչպես են ԵՆԲ վարկավորումը և ԵՄ այլ ֆինանսավորումներն օգնում արդիականացնել այս կարևոր սահմանային անցման կետը»:
Այս աշխատանքներին զուգահեռ ՄԱԶԾ-ն սկսած դեռևս 2010 թվականից վերապատրաստել է ավելի քան 700 պաշտոնյաների բոլոր սահմանային կառավարման գործակալություններից: Գազի և օպտիկամանրաթելային լրացուցիչ ցանցերի կառուցման շնորհիվ, սահմանամերձ համայնքների ավելի քան 50 հազար բնակիչ ևս կարողացել է օգտվել այդ ենթակառուցվածքներից:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հյուրերի հետ տարածքում շրջելուց, մոտիկից աշխատանքներն ուսումնասիրելուց հետո, նշեց, որ հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերի անցակետերի արդիականացման խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է և շնորհակալություն հայտնեց հյուրերին աջակցության, ինչպես նաև այցելության համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 14:17:47