Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
05.10.2015
Սիրելի ուսուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի տոնը մեծ խորհուրդ ու իմաստ ունի, այն կոչված է մեծարելու մարդկանց, ովքեր հայրենանվեր աշխատանք են կատարում՝ դաստիարակելով ու կրթելով սերունդներ: Ուսուցչի տոնը նաև պատանեկան ու անաղարտ հուշեր է արթնացնում յուրաքանչյուրիս մոտ, հուշեր, որոնք անջնջելի հետք են թողել բոլորիս կյանքում և շատ արժեքավոր են մեզ համար: Ոչ մի մասնագիտության տեր մարդ անտարբեր չէ այս տոնի նկատմամբ, հատկապես , որ մեր ժողովրդի հարգանքն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ դարերի պատմություն ունի և այն հոգեհարազատ է յուրաքանչյուրին, ով մտահոգ է իր երկրի ու պետականության ապագայով: Գաղտնիք չէ, որ այսօր էլ ուսուցիչը դժվարությամբ է իրականացնում իր առաքելությունը: Վառ օրինակը մեր սահմանամերձ համայնքների ուսուցիչներն են: Նրանք պատվով ու անտրտունջ են կատարում իրենց աշխատանքը՝ գիտակցելով, որ նաև իրենք են պատասխանատու վաղվա օրվա ձևավորման համար, ապացուցելով, որ հայ մարդու համար ուսուցիչ լինելը միայն մասնագիտություն չէ, այլ կոչում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ բոլոր ուսուցիչներին առողջություն, ընտանեկան երջանկություն: Խորին հարգանք և խոնարհում բոլոր այն մանկավարժներին, ովքեր արդեն վաստակած հանգստի են անցել: Շնորհակալություն բոլորիդ Ձեր ազգանվեր աշխատանքի համար: