Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

23.09.2015

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, մարզպետ Հովիկ Աբովյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բերդի զինկոմ Դերենիկ Պապյանի հիշատակը:
   Օրակարգի առաջին հարցով մարզպետ Հովիկ Աբովյանը հանդես եկավ Տավուշի մարզի 2014 թվականի և 2015 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությամբ՝ նշելով, որ այն արդեն քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած խորհրդակցությանը: Տեղեկացվեց, որ վերոհիշյալ ժամանակահատվածում մարզում ՀՀ պետական բյուջեի, ՀՏԶՀ և մի քանի այլ աղբյուրների միջոցների հաշվին ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում իրականացվել են շուրջ 12.3 մլրդ դրամի ներդրումներ: 2014թ.-ին վերոնշյալ բնագավառներում իրականացված ներդրումները մեկ շնչի հաշվով կազմել են 97.4 հազար դրամ: Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով կատարած կարևորագույն քայլերից մեկը սահմանամերձ 24 համայնքների համար ՀՀ կառավարության կողմից արտոնությունների սահմանումն էր: Դրա առաջին դրական արդյունքը եղավ այն, որ ռուսաստանաբնակ Սուրեն Երիցյանը խոշոր տեքստիլ արտադրություն հիմնեց Չորաթան համայնքում: Գործարարը պատրաստվում է նման արտադրամասեր հիմնել նաև տարածաշրջանի մյուս համայնքներում, ինչպես նաև զարգացնել տնայնագործական արտադրությունը, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր: Հովիկ Աբովյանը նշեց նաև, որ ՀՀ նախագահի մոտ քննարկման արդյունքում որոշվել է հարկային արտոնություններ սահմանել նաև Բերդ քաղաքում հիմնվող արտադրությունների համար:
  Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ Տավուշի մարզը գյուղատնտեսության զարգացման համար մեծ հնարավորություններ ունի: Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի մշակվող ցանքատարածությունները 1000 հեկտարով ավելացել են: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում ընդգրկվել է 13 համայնք, որից 10-ում՝ Կիրանց, Լուսաձոր, Ն. Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Բաղանիս, Դովեղ, Ոսկեպար, Ջուջևան, ծրագրի իրականացման աշխատանքներն ավարտվել են, իսկ 3-ում՝ Նավուր, Չինչին, Պառավաքար, դեռ շարունակվում են: Կառուցվել է 5.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 23 հատ խմոց, որով ջրարբիացվել է ավելի քան 10,000 հա արոտ, ինչպես նաև բարելավվել է դեպի արոտ տանող շուրջ 10 կմ ճանապարհ: Լրացուցիչ խոտի արտադրման նպատակով համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 49 միավոր գյուղտեխնիկա, որից 11 միավոր տրակտոր և 38 միավոր այլ գյուղգործիքներ: Վերջին ժամանակահատվածում հիմնվել է նաև 22 հա այգի 120 մլն. դրամ ընդհանուր արժեքով: ՀՀ նախագահի հանձնարարականով 10-օրյա ժամկետում մասնագետներն ուսումնասիրելու և արդյունքներ են ներկայացնելու, թե Տավուշի մարզում որքան հողատարածություն է հնարավոր դարձնել ոռոգելի: Այս պահին ընթանում են այդ ուսումնասիրության աշխատանքները:
Մարզպետը նաև անդրադարձավ մարզի քաղաքներում իրականացված աշխատանքներին և սեպտեմբեր ամսին անցկացված հրամանատարաշտաբային ուսումնավարժություններին:
   Օրակարգի երկրորդ հարցով մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետի տեղակալ Ասքանազ Բաբլումյանը ներկայացրեց մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների ութ ամսվա կատարողականը: 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2 089,9 մլն. դրամ, որն ութ ամսվա կտրվածքով նախատեսվածի 97,8 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 392,2 մլն. դրամ կամ կատարվել է ութ ամսվա նախատեսված եկամուտների 86,6 տոկոսը: Մարզպետ Հովիկ Աբովյանը բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեն, հորդորեց 10-օրյա ժամկետում հավաքագրումը հասցնել առնվազն 60 տոկոսի:
  Մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը ներկայացնելով, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը տեղեկատվություն տվեց պետական աջակցության ծրագրերով մարզին հատկացված պարարտանյութի և դիզելային վառելիքի, ինչպես նաև մարզի համայնքներում ընթացող բերքահավաքի մասին: Նշեց նաև, որ արդեն Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը սկսել է խաղողի մթերումը, իսկ մարզի մյուս վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են և շուտով նույնպես կսկսեն բերքի ընդունումը:
  Նիստի ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից՝ ,,Շանթ -2015,, զորավարժությանը ակտիվ մասնակցելու, մասնագիտական բարձր պատրաստվածություն և բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար տրված պատվոգրերը հանձնեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին, մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանին, ՓԾ կապիտան Մելիք Ասիլյանին և ոստիկանության փոխգնդապետ Ահարոն Փաշինյանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27