Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ Դիլիջանի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկացավ արվեստի օջախների խնդիրներին

28.08.2015

Օգոստոսի 27-ին աշխատանքային շրջայցով Դիլիջանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ հնագիտական հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքի մշակութային կյանքի անցուդարձին, անձամբ տեղեկանալ արվեստի օջախների խնդիրներին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն առաջինն այցելեց Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, որը 1950 թվականին հիմնել է մասնագիտությամբ մանկավարժ Եղիշե Հովսեփյանը, իսկ թանգարանի նոր շենքը կառուցվել է 2005-2010 թվականներին: Մշակութային այս հաստատությունը ամբողջական պատկերացում է տալիս Դիլիջանի տարածաշրջանի պատմության, հուշարձանների, կենցաղավարության, նյութական մշակույթի և այլնի մասին: Այստեղ պահվում են նաև Հովհ. Այվազովսկու, Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Էդ. Շահինի, Լ. Լագորիոյի, Գրյոզի հազվագյուտ կտավներ, ինչպես նաև 16-18-րդ դարերի եվրոպացի գեղանկարիչների աշխատանքներ: Նախարարը շրջեց թանգարանի բոլոր սրահներով: Տնօրեն Ղազար Ղազարյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են մշտական ցուցադրության կազմակերպման աշխատանքները, և թանգարանը պատրաստվում է նորովի ներկայանալ իր այցելուներին՝ առանձին բաժիններով ներկայացնելով հնագիտական, ազգագրական, հնատիպ գրականության, ինչպես նաև տեղի նկարիչների ստեղծագործություննների հավաքածուները: Նախարարը խոստացավ թանգարանին աջակցել տպագիր և էլեկտրոնային կատալոգներ ունենալու, ինչպես նաև որոշ նկարների համար շրջանակներ ձեռք բերելու հարցերում: Հասմիկ Պողոսյանը ծանոթացավ նաև ժողովրդական վարպետ Աշոտ Բաբայանի փայտագործության աշխատանքներին, հիացավ դրանցով և վարպետին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր:
Նախարարն այնուհետև այցելեց Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան, որը հանդիսանում է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական կենտրոնի մասնաճյուղը և ստեղծվել է 1979 թվականին բանահավաք և գեղանկարիչ Հովհ. Շարամբեյանի նախաձեռնությամբ: Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից է: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թոմանյանին և ծառայել է որպես ամառանոց: Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով այս շենքում ժամանակին հյուրընկալվել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի գեղանկարիչներ, երաժիշտներ: Տան վերջին բնակիչը Հովհաննես Շարամբեյանն էր, ով էլ շենքը վերածել է ժողովրդական արվեստի թանգարանի, որի 9 ցուցասրահներում այսօր ներկայացված են հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների ավելի քան 500 նմուշ աշխատանքներ, ազգագրական իրեր: Հասմիկ Պողոսյանը հանգամանորեն տեղեկացավ թանգարանի վերանորոգման, տեխնիկական վերազինման, ցուցասրահների բարեկարգման խնդիրներին:
Աշխատանքային այցի ավարտին մշակույթի նախարարը ներկա եղավ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպված <<Հուսո առագաստ>> հեղինակային երգի համահայկական փառատոնին, որն անց է կացվում Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնած <<Երգի փառատոն-2015>> մեգանախագծի շրջանակում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03