Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մանկավարժների ամենամյա համաժողովը

24.08.2015

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մանկավարժների ամենամյա համաժողովը, որով տրվեց մեկնարկը հանրապետությունում անցկացվող ավանդական օգոստոսյան համաժողովների: Այն բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, համաժողովին մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրեց մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն: Վարչության պետն անդրադարձ կատարեց ուսուցիչների ատեստավորման, առարկայական օլիմպիադաներում մարզի աշակերտների մասնակցության, ոլորտում տարբեր միջոցներով իրականացվող ծրագրերի, դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների, դասագրքերով ապահովվածության և դրանց վարձավճարների գանձման, անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների, մարզում ներառական կրթության ներդրման և բազմաթիվ այլ հարցերի: Ելույթ ունենալով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը որպես ձեռքբերում նշեց և անդրադարձավ մարզում ուսուցչական համակարգի համալրման նպատակով անցկացվող մրցույթներին: Քանի որ այդ մրցույթների հիմնական մասնակիցները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտներն են, տնօրինությունը լավ տեղեկացված է դրանց անցկացման կարգի վերաբերյալ: Ս. Առաքելյանը որպես խնդիր նշեց այն, որ բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է և մանկավարժների ուշադրությունը հրավիրեց դրա վրա, իսկ որպես նվաճում՝ այն, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են բժշկական համալսարան: Ելույթ ունեցան և ուսումնական ընթացիկ խնդիրների վերաբերյալ որոշ նկատառումներ հայտնեցին Բերդավանի և Հաղարծնի դպրոցների տնօրեններ Արևիկ Ասատրյանը և Գոհար Թամամյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախ ողջունեց բոլորին և շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ: <<Ուսուցիչ աշխատելն առաքելություն է, իսկ սահմանամերձ համայնքի դպրոցում աշխատելը՝ կրկնակի առաքելություն>> ,- ընդգծեց նախարարը: Ապա անդրադառնալով աշխատանքային հարցերին, նախարարը նշեց, որ նոր ուսումնական տարվա շեմին կան բազմաթիվ հին խնդիրներ և դրանց լուծման համար նախատեսված նոր ծրագրեր: Նա հավաստիացրեց, որ տարվա ընթացքում մարզպետարանի, համապատասխան հաստատությունների հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ օպերատիվ լուծում են ստանում բազմաթիվ ընթացիկ հարցեր, իսկ համաժողովին ներկայացրեց այն կարևորագույն համակարգային բարեփոխումները, որոնք նախատեսվում են առաջիկայում: Նախարարը հայտնեց, որ Աժ-ն օրենք է ընդունել, ըստ որի սկսած 2017 թվականից պարտադիր բազային կրթության տևողությունը Հայաստանի Հանրապետությունում լինելու է 12 տարի: Արմեն Աշոտյանն անդրադարձ կատարեց նաև Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին, Համաշխարհային բանկի նոր վարկային միջոցներով նախատեսված կրթական ծրագրերի նորացման, Կրթության զարգացման 2016-2021 թվականների պետական ծրագրին: Նա ներկայացրեց նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր ընդունված կարգը: Եզրափակելով իր խոսքը՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ շատ շուտով նոր գույք կտրամադրեն ավագ դպրոցներին և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին, իսկ սահմանամերձ կրթօջախներին առանձին օգնություն կցուցաբերվի: Նախակրթարանների հիմնման ծրագրով հնարավորություն ունեն բացել նախակրթարաններ նաև Տավուշի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա: Տեղեկացվեց նաև, որ այս տարի կիրականացվի դպրոցներում ազգային երգն ու պարը որպես պարտադիր առարկա ներդնելու պիլոտային ծրագիր, որում ընդգրկված են որոշ դպրոցներ նաև Տավուշի մարզից:
Համաժողովի ավարտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մարզի խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում պահելու և խիստ համագործակցված աշխատանքի համար և մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Մարզպետ Հովիկ Աբովյանը նաև պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց 2014-2015 ուսումնական տարում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած մի շարք դպրոցների ու ուսուցիչների: Մարզպետի կողմից շնորհակալագիր ստացավ նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը Համահայկական 6-րդ խաղերում փետրագնդակ մարզաձևում առաջին տեղը գրավելու համար:
Համաժողովից հետո Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եղան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ապա այցը շարունակվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ նրանք կլինեն մի շարք սահմանամերձ համայնքների դպրոցներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03