Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ուսումնական տարին Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում

14.08.2015

  Նոր ուսումնական տարին Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցականները կդիմավորեն վերակառուցված ու բարեկարգված դպրոցում: Այսուհետ ուսումնառությունն այդպիսի դպրոցում իրականացնելու ուրախությունը նրանց պարգևել են արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյան ամուսինները և նրանց որդի Մաքսիմելիանը, ով շատ է հավանել տարածաշրջանի այս գողտրիկ անկյունը և ծնողների հետ որոշել աջակցել համայնքին: Օգոստոսի 14-ին բարերարների մասնակցությամբ տեղի ունեցավ վերակառուցված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետի օգնական Հարություն Ղուլիջանյանը, բազմաթիվ հյուրեր: Հանդիսությունն սկսվեց Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության օրհներգերի կատարմամբ: Այնուհետև օրվա առթիվ դպրոցականներին, մանկավարժներին, գյուղի ամբողջ բնակչությանը շնորհավորեցին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարերար Արտո Կալչիյանը: Գյուղի երեխաներին նման հոյակերտ դպրոց նվիրելու համար երախտագիտության խոսք ասացին դպրոցի տնօրեն Լյովա Բուդաղյանը և համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Դպրոցի նախկին շենքը գտնվում էր խիստ անմխիթար վիճակում: Այն հիմնվել էր 1989 թվականին, վերանորոգվել՝ 1997-ին, դասասենյակները տաքացվում էին փայտի վառարաններով: Իսկ այսօր ահա շնորհիվ բարերարների գյուղն ունի լավագույնս վերակառուցված, կենտրոնացված ջեռուցմամբ, ժամանակակից անհրաժեշտ գույքով հագեցված ու բարեկարգված մի հիանալի դպրոց, որտեղ, ինչպես խոստովանեցին և աշակերտները, և ուսուցիչները, թե սովորելը և թե դասավանդելը ուղղակի հաճույք կլինի, իսկ նոր դպրոցը նաև նոր հեռանկարներ կբացի համայնքի զարգացման համար: Ինչպես նշեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Կալչիյանների բարեգործությունը չի սահմանափակվում միայն դպրոցի վերակառուցմամբ: 2014 թվականին բարերար ամուսինների հովանավորությամբ համայնքում կառուցվել է նաև ժամանակակից բուժկետ, բազմաֆունկցիոնալ սրահ, դպրոցականներին նվիրաբերվել են գրենական պիտույքներ: Օրերս էլ Կալչիյանների կողմից դպրոցին նվիրաբերվել է միկրոավտոբուս: Առաջիկա շաբաթների ընթացքում էլ բարերար ամուսինները գյուղին կնվիրաբերեն մեղվափեթակներ ու անհրաժեշտ սարքավորում: Իսկ ծրագրում գյուղի խմելու ջրագծի և դպրոցի մարզադահլիճի կառուցումն է: Բարեգործական աշխատանքներին Կալչիյան ընտանիքի անդամները ներգրավել են նաև արգենտինահայ բարերարներ Թերզյան և Ավագյան ընտանիքներին, ովքեր ևս ներկա էին Խաչարձանի միջնակարգ դպրոցի բացմանը և պատրաստակամ են ներդրումներ անել գյուղի ջրամատակարարման ու սպորտի զարգացման ոլորտներում: Հյուրերին դպրոցում դիմավորեցին աղ ու հացով: Մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Մաքսիմելիան Կալչիյանը և դպրոցի տնօրեն Լյովա Բուդաղյանը: Ի նշան շնորհակալության դպրոցի կողմից Մաքսիմելիան Կալչիյանին նվիվեց Խաչարձանի պատկերով գեղանկար: Այնուհետև Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվեց նորաբաց դպրոցի Տնօրհնեքի արարողություն:

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56