Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանի բացում հերոս սակրավորի հիշատակին

13.08.2015

  Այսօր Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրում տեղի ունեցավ Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Գեորգի Մնացականյանի ծնողներն ու քույրերը, հարազատները, ծառայակիցներ ու ընկերներ, Այգեհովիտ համայնքի բնակիչներ:    Միջոցառումը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց Գեորգիի ծնողներին՝ հայրենիքին հերոս որդի պարգևելու համար, ով իր երիտասարդ կյանքը չխնայեց ընկերների կյանքը փրկելու համար:25-ամյա Գեորգի Մնացականյանը, ում ընկերները մտերմաբար Գևոր էին անվանում, զովեց 2013 թվականի հոկտեմբերի 16-ին՝ շփան գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մարտական հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հետաքրքիր լուծումներով մետաղական հուշարձանն էլ, որի հեղինակը ճարտարապետ Միսակ Մելքումյանն է, իսկ կառուցման հովանավորը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, կանգնեցվել է դեպքի վայրից ոչ շատ հեռու:
  -Օգոստոսի 13-ը մեզ համար ոչ միայն հիշատակի օր է, այլև ոգեկոչումի, և այսուհետ այս վայրը մեզ համար նաև սրբատեղի կլինի, որ ամեն վայրկյան մեզ կհիշեցնի հայրենիքի համար իրեց կյանքը զոհաբերած մեր նահատակներին, ում հերոսությունը հայրենասիրության կենդանի օրինակ է ապրողներիս համար, Գեորգի Մնացականյանի հերոսական ոգին կապրի բոլորիս սրտերում,-ասաց մարզպետի տեղակալը:
 <<Մարտական խաչ>> շքանշանի ասպետ Գեորգի Մնացականյանը ծնվել և մեծացել է Գավառում: Գերազանց գնահատականներով ավարտել է Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցը, որն այսօր նրա անունն է կրում: Այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ընտրել սակրավորի վտանգավոր ու պատասխանատու մասնագիտությունը և, գերազանցությամբ ավարտելով այն, անցել ծառայության: Կարճ ժամանակում օրինակելի զինծառայողը հասել է կապիտանի աստիճանի և դարձել ինժեներա-սակրավորական վաշտի հրամանատար:
-Այսօր մեզ համար ոչ միայն հիշատակի օր է, այլև փառքի օր: Գևորն իր կյանքով օրինակ ծառայեց բոլորիս համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ապրել, ծառայել ու նվիրվել հայրենիքին,- ասաց զորամասի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը:
Նորակերտ խաչքար-հուշարձանն օրհնեց Իջևանի հոգևոր հովիվ տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Հնչեց Տերունական աղոթք, և բազմաթիվ ու բազմերանգ ծաղիկներ խոնարհվեցին հայ քաջորդու հիշատակին կառուցված հուշակոթողին: Այնուհետև միջոցառումը շարունակվեց Կայանի դպրոցի դահլիճում, որտեղ իրենց ելույթով բոլորին հուզեցին ու հիացրին Կայանի դպրոցի ու Գավառի Գեորգի Մնացականյանի անվան դպրոցի շնորհալիները: Ելույթ ունեցավ նաև հերոսի հայրը՝ Գագիկ Մնացականյանը, ով մինուճար որդու կորստյան ցավը սրտում, հուզմունքով նշեց, որ հպարտ է, որ Գևորի նման որդի է ունեցել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին՝ հուշարձանի կառուցումը հովանավորելու համար: Միջոցառման ավարտին երկրապահ կամավորականների միության պատվոգրերով պարգևատրվեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ճարտարապետ Միսակ Մելքումյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյանը, Կայանի դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56